Փաստ մեկնաբանությամբ

Երկրաբանները պարզում են` ինչ հանգամանքներում է տեղի ունեցել սողանքը

3 րոպեի ընթերցում

Երկրաբանները պարզում են` ինչ հանգամանքներում է  տեղի ունեցել սողանքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ- 6 միջպետական մայրուղու Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածում տեղի ունեցած սողանքի գոտում ներկայում երկրաբանների խումբ է աշխատում' պարզելու, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այն: Սողանքի մասշտաբը շատ մեծ է. փլվել է ճանապարհին հարակից սարի 1/3-րդ հատվածը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, կա վարկած, ըստ որի' սողանքի առաջացման առիթ կարող է լինել մի քանի օր առաջ տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ երկրաշարժը:

«Ձեւավորվել է օպերատիվ շտաբ, եւ բոլոր օպերատիվ ծառայությունները' ոստիկանություն, բուժսպասարկող եւ փրկարարական ծառայություններ, սկսել են ակտիվ որոնողափրկարարարական աշխատանքներ տանել: Այժմ մեր առաջնային խնդիրը երկրաբանների կողմից գնահատականներ ստանալն է' ինչ հանգամանքներում եւ ինչի հետեւանքով է նման դեպքն առաջացել, ու արդյո՞ք այդ սողանքային պրոցեսը շարունակական է լինելու, թե ոչ»,- ասաց կառավարության ղեկավարը' հավելելով, որ սպասում են մասնագետների եզրակացությանը' որոշելու' նոր ճանապարհը ինչպե՞ս եւ ո՞ր հատվածում կառուցել:

Այն հարցին, թե սողանքի հետեւանքով տուժածներին փոխհատուցում կտրվի, թե ոչ, Տ. Սարգսյանը պատասխանեց, որ ԱՊՊԱ-ն երրորդ անձանց ապահովագրություն է, այսինքն' այս դեպքի վրա չի տարածվի: «Ավելի շուտ պետք է անդրադառնանք բեռնատար ավտոմեքենաների ապահովագրությանը. դրանք միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ են եւ պետք է ունենան միջազգային ապահովագրություն: Երբ պարզենք բոլոր մեքենաների պատկանելիությունը' ովքեր են մեքենաների սեփականատերերը եւ ինչ ապահովագրական փոլիսներ ունեն, այդ ժամանակ կկարողանանք կողմնորոշվել»,- նշեց վարչապետը' հույս հայտնելով, որ մեկ շաբաթվա ընթացքում հստակ պատկեր կունենան եւ կկարողանան տեղեկատվություն տրամադրել քաղաքացիներին:

Տ. Սարգսյանը դժվարացավ գնահատական տալ կատարվելիք աշխատանքների ծավալների մասին: «Այս պահին պետք է համբերությամբ լցվենք եւ սպասենք մասնագետների եզրակացությանը: Պետք է մեր լավագույն մասնագետներին ուղարկենք այստեղ, որպեսզի գտնենք ճանապարհի կառուցման լավագույն ռազմավարությունը»,- ասաց Տ. Սարգսյանը' հավելելով, որ առաջնային հարցը մոտակա գյուղերի բնակիչների համար փլված ճանապարհահատվածը շրջացող նոր' հարմարավետ ուղղություն գտնելն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին Մ6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում' Վանաձոր-Բագրատաշեն հատվածում' Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Փլվածքի մեջ են մնացել տարբեր մակնիշների 35 մեքենաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում