Փաստ մեկնաբանությամբ

Կսահմանվի կրթության որակավորման նոր ցենզ

2 րոպեի ընթերցում

Կսահմանվի կրթության որակավորման նոր ցենզ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դպրոցներում աշխատում են շուրջ 5 000 ուսուցիչներ, ովքեր ժամանակին ստացել են միջին մասնագիտական մանկավարժական կրթություն: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, միջին մասնագիտական մանկավարժական կրթության որակավորումը տարիներ է' ինչ չի անցնում եվրոպական եւ ոչ մի երկրում:

«Մանկավարժական կրթության ոլորտում աշխարհը վաղուց հրաժարվել է միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժներից: Մենք դեռեւս Խորհրդային Միությունից ժառանգած այդ մոդելը, որ քոլեջ ավարտած մանկավարժներ կարող ենք ունենալ, պահպանել ենք»,-ասաց նախարարը' նկատելով, որ մոտ ապագայում խնդիր է դրված Հայաստանում ներդնելու, օրենսդրորեն ֆիքսելու մանկավարժական կրթության որակավորման նոր ցենզ' նվազագույնը բակալավրի կթությամբ ուսուցիչ աշխատելու համար: Նախարարի խոսքով' այս քայլը կարվի, իհարկե, չվնասելով արդեն աշխատող ուսուցիչների շահերը, իրենց տալով ժամանակ վերապատրաստվելու եւ կրթություն ստանալու, պահպանելով նաեւ արդեն ընդունված ուսանողների իրավունքները: Ա. Աշոտյանը նշեց, որ որակավորման այս ցենզը հնարավորություն կտա դպրոցներում ապահովելու կրթության որակ:

Նախարարն անդրադարձավ նաեւ նոր մասնագիտություններ ձեւավորելու խնդրին: «Բիզնեսը, այն մարդիկ, ովքեր մեզ հետ աշխատում են, մեր առջեւ դնում են պահանջ' Հայաստանի աշխատաշուկայի կարիքներն ապահովելու համար նոր մասնագիտություններ հաստատելու, որպեսզի չլինեն երիտասարդներ, որոնց մասնագիտության կարիքը չլինի»,-ասաց Ա. Աշոտյանը' նկատելով' որպեսզի կրթությունը չդառնա հիասթափության պատճառ, երիտասարդները պետք է ավելի գիտակցված ընտրություն կատարեն, իրենք էլ պետք է ավելի լավ պայմաններ ստեղծեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում