Փաստ մեկնաբանությամբ

Ա. Իսկանդարյանը նորություն չի տեսնում Ռ. Քոչարյանի հայտարարության մեջ

2 րոպեի ընթերցում

Ա. Իսկանդարյանը նորություն չի տեսնում Ռ. Քոչարյանի հայտարարության մեջ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի իրավունք ունի մուտք գործել քաղաքական դաշտ, սակայն, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը սովորական քաղաքացի չէ եւ ավելի մեծ շանսեր ունի դրա համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը' մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի երեկվա հայտարարությունը, թե չի բացառում իր' քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը:

«Քաղաքական գործիչների վերադարձի համար անհրաժեշտ է երկու պայման' նախ' բավարար էլեկտորատ (չեմ կարծում, որ Ռ. Քոչարյանը բավարարվի 5 ձայնով), եւ երկրորդ' կուսակցական կամ կառուցվածքային բազա, իսկ մինչ այժմ մենք դեռեւս չենք լսել, որ որեւէ քաղաքական ուժ պատրաստ է դառնալ այդ բազան»,- իր վերլուծությունը ներկայացրեց քաղաքագետը: Սակայն, նրա կարծիքով, այս ամենը հայտնի ճշմարտություններ են: «Ես պարոն Քոչարյանից որեւէ նոր բան չեմ լսել»,- ասաց Ա. Իսկանդարյանը:

Միաժամանակ քաղաքագետը հիշեցրեց, որ վերադարձի համար Ռ. Քոչարյանը նշել է հստակ պայմաններ, որոնցից մեկը ճգնաժամի առկայությունն է, ինչը ներկայում չկա:

Անդրադառնալով ներքաղաքական այլ զարգացումների' քաղաքագետը շեշտեց, որ Հայ ազգային կոնգրեսը կրկին որդեգրել է ծայրահեղական հռետորաբանություն' հավաքագրելու համար «ընդդեմ էլեկտորատը»: «Սա ավանդական քայլ է հայկական քաղաքականության մեջ. երբ մոտենում են ընտրությունները, ընդդիմությունը ծայրահեղացնում է իր հռետորաբանությունը»,- կարծիք հայտնեց Ա. Իսկանդարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում