Փաստ մեկնաբանությամբ

ՀՀ ԱԳ նախարարի գնահատմամբ` Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի գնահատմամբ` Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի պաշտոնական այցը Ֆրանսիա եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի' մեկ շաբաթից սպասվող պետական այցը Հայաստան կարեւորագույն հանգրվաններ են երկու երկրների հարաբերությունների առավել զարգացման, ամրապնդման եւ ընդլայնման իմաստով: Այսօր Փարիզում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը' շեշտելով, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայ ժողովրդի բարեկամ Ն.Սարկոզիի հետ ինչպես միշտ հագեցած էր, գործնական, արդյունավետ, ջերմ եւ անկեղծ: «Երկու երկրների ղեկավարներն անդրադարձան երկկողմ, տարածաշրջանային, միջազգային հարցերի լայն շրջանակի»,- տեղեկացրել է նախարարը:

Նրա խոսքով' երկու երկրների միջեւ միջեւ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ղեկավարների միջեւ' փոխվստահություն, եւ այս հանդիպումները, Է.Նալբանդյանի գնահատմամբ, միշտ շատ օգտակար եւ արդյունավետ են:

Այսօր նաեւ կայացել է հանդիպում Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ. անդրադարձ է եղել երկու երկրների տնտեսական համագործակցության առավել խորացման եւ ընդլայնման հնարավորություններին: «Այսօր Ֆրանսիան երկրորդ ներդրողն է Հայաստանում' Ռուսաստանից հետո: Հայաստանում գործում է 155 ձեռնարկություն ֆրանսիական կապիտալով»,- նշել է Է.Նալբանդյանը:

Նրա տեղեկացմամբ' բավական մանրամասն քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, տրանսպորտը, էներգետիկան: «Կարծում եմ, որ հարաբերությունները բավական ինտենսիվ են զարգանում, եւ ներուժը շատ ավելի մեծ է. հարաբերությունների առավել զարգացման եւ ամրապնդման համար երկուստեք կա ե'ւ ցանկություն, ե'ւ ձգտում»,- վստահեցրել է ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակուայեի հետ հանդիպմանը' Է.Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների միջխորհրդարանական կապերը բավական մեծ կարեւորություն ունեն: «Կարեւորություն է տրվում նաեւ ապակենտրոնացված համագործակցությանը. այսօր երկու երկրների շուրջ 30 քաղաքներ եւ շրջաններ բավական լավ զարգացնում են համագործակցությունը»,- հավելել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում