Փաստ մեկնաբանությամբ

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում

3 րոպեի ընթերցում

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, մինչեւ 29 տարեկան 60 կնոջ մոտ հայտնաբերվել է քաղցկեղ այն դեպքում, երբ նախկինում, այդ տարիքային խմբերում, շատ քիչ էր արձանագրվում:

Կենտրոնի գործունեության 14 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 231 հազար հետազոտություն: Ամեն տարի հետազոտվում է շուրջ 20 հազար կին: Կենտրոնի բացման օրվանից մինչ օրս կատարվել է 136 հազար 341 կրծքագեղձի հետազոտություն: Կծրքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 6 հազար 500-ի մոտ: Խ. Հակոբյանը նկատեց, որ երբ կենտրոնը 1997թ-ից Հայաստանում սկսեց գործել, հասարակության շրջանում չկար բժշկի գնալու մշակույթ: Մարդիկ բժշկին դիմում էին այն ժամանակ, երբ արդեն ուշ էր եւ բուժումն անիմաստ: Կենտրոնի վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին փոփոխություն է նկատվում: Եթե կենտրոնի ստեղծման տարիներին բժշկական ստուգման գալիս էին օրական 2-3 անձ, ապա այսօր օրական այցելությունը կազմում է 80-100:

«Դա միանշանակ խոսում է այն մասին, որ մարդկանց գիտակցությունը փոխվում է: Այսօր մեզ մոտ այցելում են մարդիկ, ովքեր ոչ մի գանգատներ չունեն բոլորովին առողջ են»,-ասաց Խ. Հակոբյանը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի Ուռոլոգիայի տղամարդու առողջության եւ շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման կլինիկայի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ բժշկի գնալու մշակույթը նկատվում է նաեւ տղամարդկանց շրջանում: Այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել, եւ վերջին տարիներին տաբերություն նկատվում է:

«Շատ դրական միտում է, երբ տղամարդիկ առանց գանգատ ունենալու այցելում են բժիշկներին: Շատ դեպքերում նրանք գալիս են իրենց կանանց դրդմամբ: Դա նշանակում է, որ միշտ էլ կանայք ավելի զգոն են եղել ընտանիքի առողջության նկատմամբ»,-ասաց Ռ. Հովհաննիսյանը:

Կենտրոնում մինչ օրս հետազոտվել է 472 տղամարդ եւ 19-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղի դեպք: Ռ. Հովհաննիսյանը նշեց, որ կանխարգելմանը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել: Մարդիկ պետք է գիտակցեն, որ հիվանդությունն ավելի վաղ հայտնաբերելու դեպքում բուժումն ավելի արդյունավետ կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում