Համալրվեց «Յայսմաւուրք» ժողովածուի 12-հատորյա շարքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հրատարակել է «Համաբարբառ Յայսմաւուրք նախածերենցյան 6 խմբագրությունների» հունիս, հուլիս եւ նոյեմբեր ամիսների հատորները' աշխատասիրությամբ Մ. Ապրեսյանի, Լ. Քարիմյանի եւ Լ. Սարգսյանի: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այս հատորների լույս ընծայմամբ համալրվեց «Յայսմաւուրք» ժողովածուի 12-հատորյա շարքը:
«Յայսմաւուրք» ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից մեկն է: Այն պարունակում է նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը, ինչպես նաեւ տերունական տոների մասին հոդվածներ, եւ նախատեսված է ամենօրյա ընթերցումների համար եկեղեցում ժամերգություններից առաջ կամ հետո:
Հատորները տպագրվել են Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ: