Արտաշատի դրամատիկական թատրոնը նոր խաղացանկով կներկայանա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն առաջիկայում նոր շնչով եւ նոր ներկայացումներով դռները կբացի ինչպես արտաշատցի, այնպես էլ ամբողջ արվեստասեր հասարակության առաջ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը, նոր թատերաշրջանը կսկսվի հատուկ' ֆրանսիական ներկայացմամբ. այն կոչվում է «Խավարտ' ֆրանսիական ձեւով»: «Սա նորություն է լինելու այնպես, ինչպես Ավետիս Ահարոնյանի գործերը, որոնք նույնպես պատրաստվում ենք բեմադրել»,- հայտնեց տնօրենը' հավելելով, որ Ա. Ահարոնյանին քչերը գիտեն, բայց նա արժեքավոր հայ դասականներից է եւ ունի հրաշալի ստեղծագործություններ: «Մեր նպատակն այն է, որ այսօր կարողանանք պահել ու պահպանել այն ավանդույթները, որոնք դարեդար ունեցել ենք»,-ասաց նա:
Գ. Սայադյանի հավաստմամբ' թատրոնը, ընդհանուր առմամբ, հրաշալի վիճակում է: «Մեր կազմը մարտունակ է, դերասանական ու սպասարկող անձնակազմերը' պատրաստակամ, հմուտ»,- հպարտության փաստեց նա' հավատացնելով, որ հավատարիմ հանդիսատեսն էլ ոգեւորությամբ սպասում է:
Թատրոնի շենքային պայմանների վերաբերյալ Գ. Սայադյանը նշեց, որ կառույցն ամբողջովին վերանորոգվում է: «Թեեւ վերանորոգման աշխատանքները նոր են սկսվել' օգոստոսի վերջից, սակայն տարրական պայմանները ստեղծելուց անմիջապես հետո' շատ մոտ ապագայում, կսկսենք մեր աշխատանքը»,-նշեց նա:
Մինչեւ տարվա վերջ Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում նախատեսված է իրականացնել 26 մլն դրամի շինարարական աշխատանքներ եւ եւս 54 մլն դրամի աշխատանք' մյուս տարի: