Փաստ մեկնաբանությամբ

Հայկական կողմի համար անընդունելի է Թուրքիայի միջնորդությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում

2 րոպեի ընթերցում

Հայկական կողմի համար անընդունելի է Թուրքիայի միջնորդությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի համար անընդունելի է Թուրքիայի միջնորդությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը' անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:

«Ես հումորով եմ վերաբերում այդ հայտարարությանը: Դա թույլատրել չի կարելի, որովհետեւ մենք գիտենք, թե այդ միջնորդության ետեւում ինչ է թաքնված: Եթե Թուրքիան իրապես այդքան շահագրգռված է տարածաշրջանային խաղաղությամբ, կայունությամբ, ապա նա հրաշալի հնարավորություն ուներ դա ցույց տալու, երբ նախաձեռնվեց հայ-թուրքական հարաբերությունները բնականոն հունի մեջ դնելու գործընթացը»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ Թուրքիան ամեն ինչ արեց այդ գործընթացը տապալելու համար: Ըստ նրա' չի կարելի տարածաշրջանի իրավիճակը լիցքաթափելուն ուղղված քայլերն ուղղակիորեն պայմանավորել Լեռնային Ղարաբաղի խնդրով: «Կարծում եմ, որ միջազգային հանրության համար եւս ակնհայտ են Թուրքիայի երկակի մոտեցումները: Ես վստահ եմ' դա հենց այդպես էլ կմնա որպես հայտարարություն: Մեկ անգամ չէ Թուրքիան տարբեր ամբիոններին այդպիսի հայտարարություններ անում: Ցանկանալն ու երազելը ոչ ոքի արգելված չէ»,-ասաց Ն. Զոհրաբյանը: Նա խորհուրդ տվեց Թուրքիային նախեւառաջ իր խնդիրների լուծման մասին մտածել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում