Փաստ մեկնաբանությամբ

ՀՀ բուհերում շատացել են մեծահասակ ուսանողները

3 րոպեի ընթերցում

ՀՀ բուհերում շատացել են մեծահասակ ուսանողները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարին աչքի ընկավ ոչ միայն դիմորդների երկրների աշխարհագրությամբ, այլեւ նրանով, որ մեծահասակ ուսանողներն են շատացել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, այս տարի միջին տարիքի դիմորդներ են եղել, ովքեր երկրորդ մասնագիտությունն են հավանաբար ձեռք բերում:

«Մենք միայն վերցնում ենք իրենց դիմում-հայտը, որում նշված է' այս առարկայից ցանկանում է քննություն հանձնել: Պարզապես, ի պաշտոնե, քննություն հանձնողների շրջանում պտույտ կատարելով, եթե տարիքն ակնառու էր, մոտենում էինք, նոր միայն հասկանում, որ երկրորդ մասնագիտությունն են ցանկանում ձեռք բերել»,-նշեց Գ. Մանուկյանը' հավելելով, որ դիմորդների տարիքը պարզելու վիճակագրություն չկա: Նրա խոսքով' կար լրագրող, ով իբրեւ երկրորդ մանագիտություն' ընտրել էր իտալերենը: Շատերը մանկավարժի մասնագիտություն են ձեռք բերում:»Նախորդ տարի ունեինք 50-ն անց դիմորդ' Քաշաթաղից, ով եւս մանկավարժություն էր ընտրել»,- ասաց նա:

Դիմորդների միջին տարիքն այս տարի 19-ն էր, սակայն նկատելի էր, որ կան նաեւ մեծահասակ դիմորդներ' այս տարի ավելի շատ, քան նախորդ տարիներին: Ըստ ԳԹԿ մամուլի պատասխանատուի' դա պայմանավորված էր այս տարվա' շրջանավարտ չլինելու հանգամանքով: «Հասկանալով, որ չկա մրցակցություն, որոշ մարդիկ երեւի իրենց վաղուց նախընտրած մասնագիտությունները ձեռք բերելու այդ հնարավորությունից էին օգտվել, հատկապես, որ պետպատվերի շրջանակներում ուսանելու հնարավորություն կար»,-ասաց նա' նկատելով, որ մեզանում այս մշակույթն արդեն ձեւավորված է: Ըստ Գ. Մանուկյանի ' բոլոր մեծահասակ դիմորդները միանշանակ տեղացիներ են: Բուհ ընդունվել կարող են բոլոր ցանկացողները. տարիքային կամ մասնագիտական սահմանափակումներ չկան:

Նա նշեց, որ ուրախալի է ցանկացած տարիքում սովորել ցանկանալու մշակույթի ձեւավորումը նաեւ մեր երկրում: «Շատերը կան, որ ընտանիքներ ունեն, մտածում են' այս տարիքում մի՞թե նոր պետք է սովորելու գնամ: Դիմորդներից շատերին քաջալերելու էին եկել իրենց երեխաները: Լավ է, որ այս կարծրատիպը կոտրվում է»,-ասաց Գ. Մանուկյանը :

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում