Փաստ մեկնաբանությամբ

Ա.Հովհաննիսյան. «Զորահանդեսը ցույց տվեց մեր բանակի պատրաստվածության բարձր մակարդակը»

3 րոպեի ընթերցում

Ա.Հովհաննիսյան. «Զորահանդեսը ցույց տվեց մեր բանակի պատրաստվածության բարձր մակարդակը»

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չեմ կարծում, որ մեր զորահանդեսը հունիսի 26-ի Բաքվի զորահանդեսի պատասխանն էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, որ եթե մենք այսօր չնշեինք անկախության 20-ամյակը, դժվար թե զորահանդես անեինք: «Իսկ ընդհանրապես, զորահանդեսն ինչ-որ մասով, ոչ լիովին, իհարկե, ցույց է տալիս բանակի մարտունակությունը, մասնավորապես' շարային պատրաստվածությունը եւ այլն»,- ասաց փորձագետը' ընդգծելով, որ զորահանդեսի վերջին ցուցադրությունը հստակ ապացուցեց, թե ինչ մակարդակի շարային պատրաստություն ունի մեր բանակը:

Ա.Հովհաննիսյանի խոսքով' զորահանդեսի ընթացքում ցուցադրված զինտեխնիկայից եւս կարելի է անել որոշակի եզրակոցություններ հայկական բանակի հարձակողական եւ պաշտպանողական ներուժի վերաբերյալ:

«Կարծում եմ' միջազգային փորձագետներն էլ կարձանագրեն, որ շատ բարձր էր մակարդակը ոչ միայն զինտեխնիկայի քանակական եւ տեսակական առումով, այլ նաեւ պետք է շեշտել մի առանձնահատկություն. զինտեխնիկայի շատ տեսակներ, որոնք ԽՍՀՄ-ի կամ ռուսական արտադրության էին, մեր ռազմաարդյունաբերական համալիրի կողմից կատարելագործված էին, ինչը բացառիկ երեւույթ է միջազգային պրակտիկայում»,- ընդգծեց ռազմական փորձագետը:

Ա.Հովհաննիսյանի խոսքով' մեր բանակի պատրաստվածության մակարդակը ոչ միայն զորահանդեսի ընթացքում երեւաց, այլ նաեւ հենց սեպտեմբերի 12-ի փաստերով, այն է' ադրբեջանական անօդաչու թռչող սարքի ոչնչացմամբ:

«Ամփոփելով ոչ միայն զորահանդեսը եւ սեպտեմբերի ընթացքում տեղ գտած իրողությունները եւ այն, որ հակառակորդը վերջին շրջանում չի կարողանում իրեն ավելի լկտի պահել' կարող ենք նշել, որ մեր բանակն ունի բարձր պատրաստվածություն»,- ավելացրեց Ա.Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են նաեւ հայկական ռազմաարդյունաբերության արտադրանքներ, ինչպիսիք են, օրինակ, անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաեւ հայրենի ռազմաարդյունաբերության ձեռնարկություններում արդիականացված զենիթահրթիռային համալիրները, հրետանային հետախուզության եւ կրակի կառավարման ավտոմատացված համակարգերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում