Փաստ մեկնաբանությամբ

Շ. Քոչարյան. «Ուրուգվայի ԱԳ նախարարի հայտարարությունը ԼՂՀ միջազգային ճանաչման ընդամենը առաջին ծիծեռնակն էր»

2 րոպեի ընթերցում

Շ. Քոչարյան. «Ուրուգվայի ԱԳ նախարարի հայտարարությունը ԼՂՀ միջազգային ճանաչման ընդամենը առաջին ծիծեռնակն էր»

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հայտարարությունը ԼՂՀ միջազգային ճանաչման ընդամենը առաջին ծիծեռնակն էր: Ի պատասխան «Արմենպրես»-ի այն հարցի, թե ինչ ազդեցություն կունենա Լ. Ալմագրոյի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Խնդիրն այն է, որ շատ պետություններ սահմանափակություն են զգում Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրը քննարկելիս մի շատ պարզ պատճառով. կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ, որտեղ տեղի է ունենում բանակցային գործընթաց, եւ կա մտավախություն, որ իրենց նմանատիպ քայլերով, հայտարարություններով, նախաձեռնություններով կարող են վնասել գործընթացին»,- պարզաբանեց Շ. Քոչարյանը:

Նրա խոսքով' վերջին ժամանակահատվածը շատ ցայտուն ցույց տվեց, որ Ադրբեջանը տապալում է բանակցային գործընթացը, ավելին' փորձում է հենց Մինսկի խմբի ձեւաչափը կազմալուծելով' հարցը տեղափոխել այլ ատյաններ: «Դա գնալով ավելի մեծ ազատության աստիճաններ է տալիս նմանատիպ երկրներին: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ձեւով առաջ գնալ, ապա դա կդառնա անխուսափելի, շատ ավելի արագացված գործընթաց: Ամեն դեպքում, ԼՂՀ միջազգային ճանաչումն անխուսափելի է, խնդիրը ժամկետն է. ժամկետն արագացնողն այսօր Ադրբեջանն է»,- շեշտեց Շ. Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում