Փաստ մեկնաբանությամբ

Դ. Կարապետյան. «Զորահանդեսն ի ցույց է դնելու անկախության 20 տարիների ընթացքում բանակաշինության ձեռքբերումները»

2 րոպեի ընթերցում

Դ. Կարապետյան. «Զորահանդեսն ի ցույց է դնելու անկախության 20 տարիների ընթացքում բանակաշինության ձեռքբերումները»

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին կայանալիք զորահանդեսը ի ցույց է դնելու Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում բանակաշինության ձեռքբերումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: Վերջինիս խոսքով' զորահանդեսի համար մեծ ծախսեր չեն կատարվել, քանզի ցուցադրվում է այն, ինչ արդեն կա Հայաստանի զինված ուժերում: «Կարծում եմ' շահարկումների փոխարեն պետք է ուրախանանք մեր հաղթանակած ու կայացած բանակի հաջողություններով»,- շեշտել է Դ.Կարապետյանը:

Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեսակետներին, թե իբր սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք զորահանդեսը պատասխան է Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսին, ՊՆ մամուլի քարտուղարը կարծիք է հայտնել, որ նման մեկնաբանությունները տեղին չեն, թեկուզ միայն այն պատճառով, որ հայկական բանակն իր ուժը եւ մարտունակությունը ցույց է տալիս ոչ թե միայն զորահանդեսներում, այլեւ այն ապացուցել եւ ապացուցում է գործնականում:

Դ .Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: «Կարծում եմ' մեր հասարակության համար գաղտնիք չէ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խոր հիմքերը, իսկ զորահանդեսին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողքին 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությունը պետք չէ շահարկել»,- նկատել է ՊՆ մամուլի քարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում