Փաստ մեկնաբանությամբ

Հ. Մելիք-Շահնազարյան. «Արցախի ճանաչումն արդեն կայացած փաստ է. այդ մտքի հետ պետք է համակերպվի միայն Ադրբեջանը»

2 րոպեի ընթերցում

Հ. Մելիք-Շահնազարյան. «Արցախի ճանաչումն արդեն կայացած փաստ է. այդ մտքի հետ պետք է համակերպվի միայն Ադրբեջանը»

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի կողմից Արցախի միջազգային ճանաչման պատրաստակամությունը հին պատմություն ունի. դեռեւս 1994-1995թվականներին ԼՂՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բավականին հաճախ էր հանդիպում Ուրուգվայի ղեկավարության հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ուրուգվայի արտգործնախարարի' ԼՂ-ին վերաբերող հայտարարությանը, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով' այդ տարիներին Ուրուգվայի կողմից ԼՂ-ի ճանաչման գործընթացը կասեցվեց միայն այն պատճառով, որ հրադադարի ռեժիմը նոր էր հաստատվել: Բանախոսի հավաստմամբ' վերջին օրերին արված հայտարարությունն այդ երկրի քաղաքականության շարունակությունն է:

«Ուրուգվայն այսօր կարող է ազդարարել Արցախի ճանաչման մեկնարկը, ինչպես դա արեց Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում, որից հետո մի շարք պետություններ նույնպես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Ուրուգվայի կողմից ԼՂՀ ճանաչման դեպքում մեծ է հավանականությունը, որ ճանաչման այդ ուղին կշարունակեն նաեւ Լատինական Ամերիկայի երկրները, հետո նաեւ ողջ միջազգային հանրությունը»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը' ընդգծելով, որ Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարությունը փաստում է Հայաստանի դիվանագիտական կարողությունների մասին: Քաղաքագետը կարեւորեց այն փաստը, որ ԼՂՀ ճանաչման մասին, Հայաստանից բացի, սկսել են խոսել նաեւ այլ պետություններ, ինչը հնարավորություն կտա հայկական կողմին միջազգային հանրության պատրաստակամությունն օգտագործել որպես լրացուցիչ լծակ ԼՂ բանակցային գործընթացում եւ հասկացնել, որ միայն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունքում է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը ձգձգվում է: Հ. Մելիք-Շահնազարյանը վստահեցրեց, որ, եթե Ուրուգվայը ճանաչի ԼՂ-ի անկախությունը, ապա Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող ներազդել Ուրուգվայի կամ Լատինական Ամերիկայի երկրների որոշումների վրա:

«Արցախի ճանաչումն արդեն կայացած փաստ է. բոլոր երկրներն այն ընկալում են որպես իրողություն, ու այդ մտքի հետ պետք է համակերպվի միայն Ադրբեջանը»,- ասաց քաղաքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում