Փաստ մեկնաբանությամբ

Ա.Մարտիրոսյան. «Վերջին իրադարձությունները վկայում են, որ զգալի ինքնապաշտպանական ներուժ ունենք»

2 րոպեի ընթերցում

Ա.Մարտիրոսյան. «Վերջին իրադարձությունները վկայում են, որ զգալի ինքնապաշտպանական ներուժ ունենք»

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը պատրաստ են իրականացնել ցանկացած պաշտպանական գործողություն, կարծում եմ' անհրաժեշտության դեպքում կկարողանան կատարել նաեւ հարձակվողական գործողություններ»,- այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում նման դիտարկմամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը' անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ կողմից ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի ոչնչացման դեպքին: «Սա վկայում է, որ նշանակալի ինքնապաշտպանական ներուժ ունենք»,- նշեց պատգամավորը:

Խոսելով պատերազմի հավանականության մասին' Ա.Մարտիրոսյանը նշեց, որ մոտակա ժամանակներում դրա հավանականություն չի տեսնում, եւ դրան նպաստող ամենակարեւոր գործոնը տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն է: «Միջազգային ուժերի դասավորությունը եւս թույլ չի տա Ադրբեջանին գնալ արկածախնդրության եւ պատերազմ վերսկսել, բացի այդ, տվյալ երկրում իշխող կլանը չի ցանկանում զրկվել իր նավթադոլարներից»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

«Առաջին օրը եւ տարին չէ, որ խոսվում է պատերազմի վտանգի մասին»,- կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը' շեշտելով, որ Ադրբեջանին պատերազմից հետ է պահում հայկական կողմի ակնհայտ առավելությունը եւ «այն ոգու դասը, որ մենք տվեցինք ադրբեջանցիներին»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով էլ' Ադրբեջանի քաղաքական արկածախնդրության մասին գիտեն բոլորը: «Իսկ նրանց արկածախնդրություններն ավարտվել են հայտնի արդյունքներով»,- հավելեց Լ.Ալավերդյանը: Պատգամավորի խոսքով' Ադրբեջանն այսօր անօրինական ձեւով կայացած պետություն է: «Ադրբեջանի տարածքների ավելի քան կեսը միջազգային իրավունքի տեսանկյունից նրան չեն պատկանում»,- շեշտեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում