Փաստ մեկնաբանությամբ

Ա.Հովհաննիսյան. «Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի ոչնչացումն աննախադեպ երեւույթ էր»

2 րոպեի ընթերցում

Ա.Հովհաննիսյան. «Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի ոչնչացումն աննախադեպ երեւույթ էր»

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի ոչնչացումն աննախադեպ երեւույթ էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի կործանմանը:

«Սա աննախադեպ երեւույթ էր, քանզի շատ դժվար է պայքարել անօդաչու սարքերի դեմ, որոնք թռչում են հինգ հազար եւ ավելի մետր բարձրության վրա»,- նշեց նա: Փորձագետի խոսքով` խոցված անօդաչու սարքն իսրայելական արտադրության «Հերմես 450» է, որը խոցելը, այն էլ ցամաքային տարածքում, չափազանց դժվար է:

Ա. Հովհաննիսյանի գնահատմամբ` ցամաքային տարածքից նման սարքերի կործանումը բացառիկ երեւույթ է, եւ բացառված չէ, որ ռազմական պատմության մեջ նոր էջ է բացում` նման սարքեր խոցելու առումով:

Անօդաչու սարքը խոցվել է հայկական արտադրության սարքերով, եւ ըստ փորձագետի, դա վկայում է, որ հայաստանյան ռազմական արդյունաբերությունը մեծ պոտենցիալ ունի: «Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը, որպես այդպիսին, մեզ համար անմիջական վտանգ չեն ներկայացնում, սակայն հետախուզություն են կատարում, վտանգը դրանում է»,- ասաց Ա.Հովհաննիսյանը: Նրա խոսքով` այս դեպքը պետական սահմանի խախտում էր, եւ միջազգային ռազմական կառույցները հաստատ արձագանքելու են դրան:

:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում