Փաստ մեկնաբանությամբ

Դ. Բաբայան. «Անօդաչու սարքի ոչնչացումը սթափեցնող ազդեցություն կունենա Ադրբեջանի հետագա պահվածքի վրա»

2 րոպեի ընթերցում

Դ. Բաբայան. «Անօդաչու սարքի ոչնչացումը սթափեցնող ազդեցություն կունենա Ադրբեջանի հետագա պահվածքի վրա»

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան հայկական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանում ադրբեջանական թռչող հետախուզական անօդաչու սարքի ոչնչացումը, որն առաջին գծում փորձել է հետախուզական գործունեություն իրականացնել, սթափեցնող ազդեցություն կունենա հակառակորդի հետագա պահվածքի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի եւ տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով' ագրեսորը կտեսնի, որ իր դիմացինը որեւէ կերպ չի զիջում իրեն, այդ թվում' նաեւ զինված ուժերի տեխնիկական հագեցվածությամբ:

«Այս դեպքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է իր հակակառուցղական քաղաքականությունը եւ սադրիչ գործողությունները: Ինքնաթիռը խփվել է Արցախի Հանրապետության տարածքում, հետեւաբար Ադրբեջանի Հանրապետությունը խախտում է զինադադարի ռեժիմը ոչ միայն հասարակ զինատեսակների պարագայում' դիպուկահարներին օգտագործելով, այլ նաեւ գործի դնելով օդուժ: Սա հրադադարի ռեժիմի խախտման որակապես նոր տարբերակ է: Պետք է միջազգային հանրությունը, հատկապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը զբաղվի նաեւ նման հարցերի հետազոտությամբ»,- ընդգծեց Դ. Բաբայանը:

Ըստ նրա' ավելի լուրջ պետք է վերաբերվել Ադրբեջանի պահելաձեւին, քանի որ զինադադարի խախտումներն սկսվում են քաղաքական եւ գաղափարախոսական շերտով, այսինքն' Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական' հակահայկական եւ ֆաշիստական հայտարարությունների արդյունքում, ուստի միջազգային հանրությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում