Փաստ մեկնաբանությամբ

Լուիս Ալմագրոյի հայտարարությունը հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին

3 րոպեի ընթերցում

Լուիս Ալմագրոյի հայտարարությունը հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի երեկ արած աննախադեպ հայտարարութունը հանգիստ չի տալիս ադրբեջանական իշխանություններին ու լրատվամիջոցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն' Բուենոս Այրեսում տեղակայված Ադրբեջանի դեսպանատունը կապ է հաստատել ՈՒրուգվայի ԱԳՆ-ի հետ: «Արգենտինայում մեր դեսպանը զրուցել է ՈՒրուգվայի ԱԳ փոխնախարար Ռոբերտո Կարերասի հետ, ով նշել է, որ ՈՒրուգվայը հարգում է միջազգային իրավունքի սկզբունքները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաեւը:

Հետաքրքրական է նաեւ, որ ադրբեջանական լրատվամիջոցները, առաջնորդվելով հավանաբար միայն իրենց հասկանալի տրամաբանությամբ, խնդրի առնչությամբ հարցում են ներկայացրել նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն: Վերջինիս մամուլի քարտուղար Քիթ Բինը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների համաձայն եւ նշել, որ «ԱՄՆ-ն չի մեկնաբանում այլ պետությունների երկկողմ հարաբերությունները»: Այս պարագայում կարելի է պատկերացնել ադրբեջանցիների հիասթափությունը:

Իրենց եւ իրենց թուրք «եղբայրների» սովորության համաձայն' ադրբեջանցիներն այս անգամ եւս նշել են, որ խնդիրը սխալ թարգմանության մեջ է: Փարատելու համար մեր հարեւան գործընկերների անհանգստությունը, մեջբերենք Լուիս Ալմագրոյին իր մայրենի լեզվով.»Nosotros personalmente entendemos que Nagorno Karabagh es y esta intimamente ligado a Armenia. A su poblacion Armenia, y que o su independencia o su ligazon a Armenia en el futuro es el mejor camino para Nagorno Karabagh»: «Արմենպրես»-ը ներկայացնում է ասվածի բառացի թարգմանությունը.»Մենք անձամբ հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղը սերտորեն կապված է Հայաստանին, հայ բնակչությանը, եւ նրա կա'մ անկախացումը, կա'մ էլ ապագայում Հայաստանին միացումը լավագույն ճանապարհն է Լեռնային Ղարաբաղի համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում