Փաստ մեկնաբանությամբ

Ինքնասպանության համար խոցելի խումբ են համարվում երիտասարդները

2 րոպեի ընթերցում

Ինքնասպանության համար խոցելի խումբ են համարվում երիտասարդները

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնասպանությունների համար խոցելի խումբ են համարվում 17-23 տարեկան երիտասարդները` կապված զանազան դեպրեսիաների հետ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հոգեբան Սամվել Խուդոյանը` շեշտելով, որ այդ միտումն անկախ է վիճակագրական տվյալներից, որոնց համաձայն` ինքնասպանություն գործում են հիմնականում 30-60 տարեկան քաղաքացիները: «Եթե մարդ իր կյանքում իմաստ է տեսնում, ինքնասպանությունը բացառված է»,- ասաց Սամվել Խուդոյանը:

«Ինքնասպանություն գործողը կարող է տարիներով պլանավորել, ու ոչ ոք ընտանիքում չիմանա, որ նման բան է լինելու»,- հավելեց հոգեբանը` համոզմունք հայտնելով, որ այն մարդիկ, որոնք երբեւէ մտածել են ինքնասպանություն գործելու մասին, պետք է դիմեն մասնագետ հոգեբանի:

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով էլ` ինքնասպանություն գործելը Աստծուց կտրվելու իրողությունն է, երբ մարդ գնում է ինքնաոչնչացման ու չունի Աստծուց հույսի մեծ շնորհ: Ըստ նրա` ինքնասպանություն գործելու հարցում կարեւոր բաղադրիչ է դաստիարակությունը: Նա նաեւ ընդգծեց, որ ինքնասպանությունը չարիք է, իսկ Հիսուս Քրիստոսն ուզում է մարդուն չարի կապանքներից ազատել:

«Աստծո կողմից ինքնասպանությունը չի ներվում, նախկինում ինքնասպանություն գործող մարդկանց անգամ չեն թաղել: Այժմ էլ ինքնասպանություն գործած մարդու համար ամբողջ ծեսը չի կատարվում»,- ասաց քահանան:

Տեր Բաբկենը նշեց նաեւ, որ թաղման ծես կատարվում է միայն այն դեպքում, երբ պարզվում է, որ ինքնասպանություն գործած անձը հոգեկան խանգարում է ունեցել ու դրա արդյունքում է վերջ տվել կյանքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում