Փաստ մեկնաբանությամբ

Թունավորման առումով հատկապես խոցելի են երեխաները եւ հղի կանայք

2 րոպեի ընթերցում

Թունավորման առումով հատկապես խոցելի են երեխաները եւ հղի կանայք

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է բոտուլիզմի մեկ դեպք' մեկ տուժածով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, օգոստոսին սննդային թունավորման մեկ դեպք է գրանցվել' 26 տուժածով. թունավորումը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Ուշի գյուղում:

Թխվածքից սննդային թունավորման' օգոստոսին գրանցված մեկ դեպքի հետեւանքով տուժել է 8 անձ: Մ. Բաբայանը նկատեց, որ կրեմային զանգվածն է թունավորման պատճառ դարձել, նման դեպքերում գլխավոր պատճառը, սակայն, ոչ հիգիենիկ պայմաններում պատրաստելն է: Բաժնի պետի խոսքով' որեւէ մեկը չի կարող պնդել, թե իր օրգանիզմի դիմադրողականությւնը բարձր է եւ թունավորումն իրեն չի սպառնում: Թունավորման հավանականությունը, ըստ նրա, մանրէների քանակությունից է կախված: Ըստ Մ. Բաբայանի' ստաֆիլակոկային մանրէներ կան ամենուր, սակայն, երբ բարենպաստ պայմաններ են առաջանում, տոքսին է արտադրվում, որից եւ թունավորում է լինում:

ԱՆ ներկայացուցչի խոսքով' թունավորված մթերքի արտաքին նշաններից երբեմն ոչինչ չի կարելի կռահել. բոտուլիզմի տոքսիններով ախտահարված մթերքի ոչ հոտը, ոչ տեսքը չի փոխվում: Մ. Բաբայանը հիշեցրեց հիգիենայի պայմանների պահպանման անհրաժեշտության մասին. օգտագործումից առաջ պետք է լավ լվանալ մթերքը, պահպանել հատուկ պայմաններում: Թունավորման առումով հատկապես խոցելի են երեխաները եւ հղի կանայք: Երեխաներին խստիվ արգելվում է սունկ կամ պահածոյացված սննդամթերք տալ: Մ. Բաբայանը նշեց, որ գերադասելի է խուսափել պահածոյացումից, պարզապես մթերքը պետք է պահել սառնարանում, հակառակ դեպքում' անհրաժեշտ է օգտագործելուց առաջ առնվազն 25-30 րոպե եռացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում