Փաստ մեկնաբանությամբ

Ն. Սարգսյան. «Լուսաֆորների անխափան աշխատանքը ոստիկանների մշտական հսկողության ներքո է»

2 րոպեի ընթերցում

Ն. Սարգսյան. «Լուսաֆորների անխափան աշխատանքը ոստիկանների մշտական հսկողության ներքո է»

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի խաչմերուկներում դրված լուսաֆորների անխափան աշխատանքը ճանապարհային ոստիկանների մշտական հոգածության առարկան է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, լուսաֆորների խափանման հիմնական պատճառը լամպերի արագ այրվելն է:

Ն. Սարգսյանի խոսքով' եթե լուսաֆորի աշխատանքի խափանումը կապված չէ հոսանքազրկման հետ, որեւէ խաչմերուկում անսարքություն նկատելուն պես ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը տեղյակ է պահվում, այնտեղից էլ ահազանգվում է համապատասխան շահագործող կազմակերպություն: Վերջիններս գտնվում են անմիջականորեն ոստիկանության ենթակայության տակ, եւ այդ իմաստով առավել հեշտացել են աշխատանքները. ոստիկաններն անմիջապես արձագանքում են ահազանգին, եւ շատ արագ վերանորոգում լուսաֆորը:

Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր օր միջինը 2000-2200 արձանագրություն է կազմվում' ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ: Մայրաքաղաքում ամեն օր ծառայություն է իրականացնում ՃՈ մոտ 100 կարգախումբ' 200 աշխատակիցներով: Օրվա ընթացքում մոտավոր հաշվարկներով 700-800 ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում է արձանագրվում: Ըստ Ն. Սարգսյանի' միայն մայրաքաղաքում շահագործվում է մոտ 200 հազար տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից ամեն օր արձանագրություն է կազմվում 800-ի կամ միջին հաշվով' օրական 25 վարորդից մեկի թույլ տված խախտումների համար:

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում թույլ տալու համար ճանապարհային ոչ մի ոստիկան չի ազատվել աշխատանքից, սակայն, ինչպես տեղեկացրեց ոստիկանության գնդապետը, այդ եւ այլ կարգի խախտումներ թույլ տալու համար ճանապարհային ոստիկանության 25 ծառայող տույժի է ենթարկվել ՃՈ պետի, իսկ 4 ծառայող կարգապահական տույժի են ենթարկվել ՀՀ ոստիկանության պետի հրամանով: Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ նոր նմուշի համազգեստ է ընդունված նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար: Վերջիններս, ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ «կզգեստափոխվեն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում