Փաստ մեկնաբանությամբ

Ս. Կարապետյան. «Հայաստանյան շուկան շուտով կրկին լի կլինի բարձրորակ հայկական լոլիկով»

2 րոպեի ընթերցում

Ս. Կարապետյան. «Հայաստանյան շուկան շուտով կրկին լի կլինի բարձրորակ հայկական լոլիկով»

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան շուկան շուտով կրկին լի կլինի հայկական բարձրորակ լոլիկով: Դա կլինի նոր հիմնված' հինգ հա էլիտային սերմնադաշտերի առատ բերքի շնորհիվ, որը Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի եւ Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի համագործակցության արդյունքն է:

«Վերջին ժամանակներս ժողովուրդը շատ է բողոքում շուկայում վաճառվող բանջարեղենից, մասնավորապես' լոլիկից, որը նա համեմատում է նախկին սորտերի հետ եւ համարում, որ ներկրվող լոլիկի համը լավը չէ»,- ասաց այսօր սերմացուի առաջին բերքին հետեւելու այցելած ՀՀ գյուղնախարար Սերգո Կարպետյանը' հավելելով, որ դրանք նախարարության տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի աշխատակիցների կողմից ստեղծված սորտատեսակներ են: Դրանք մատակարարվելու են հայաստանյան գյուղական տնտեսություններին եւ մոտ ապագայում փոխարինելու ներկրվող անորակ լոլիկին: «Այս տարվանից սկսած զարգացնելու ենք տեղական սերմնաբուծությունը»,- հաղորդեց նախարարը' տեղեկացնելով, որ աճեցվում են լոլիկի չորս հայկական սորտեր' «Հայաստանի հրաշք», «Նոյ», «Լիա» եւ «Երազ»:

Գյուղատնտեսության նախարարության գիտնական փորձագետների հավաստմամբ' այս տեսակները միջահաս սորտեր են: «Հայաստանի հրաշքի» պտուղները կլոր են, վառ կարմիր գույնի, փոխադրունակ, 180-200 գրամ զանգվածով, «Նոյի» պտուղները' կլորավուն, ամուր, խոշոր, վառ կարմիր գույն 200-220 գրամ զանգվածով: «Լիայի» պտուղները նույնպես կլոր են, 150-160 գրամ զանգվածով, բերքատվությունը կազմում է 800-900 ց/հա, հիվանդությունների եւ վնասատուների նկատմամբ դիմացկուն է: «Երազ» սորտի պտուղները օվալաձեւ են, 70-80 գրամ զանգված ունեն, չոր նյութերի պարունակությունը կազմում է 7-7.2 տոկոս:

«Այս սորտերն իրենց բոլոր հատկանիշներով շատ համեղ են»,- բոլոր սորտերից համտեսելուց հետո հավաստիացրեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում