Փաստ մեկնաբանությամբ

Գ. Բադալյան. «Մանկական քաղցկեղը հիմնականում բուժելի է»

3 րոպեի ընթերցում

Գ. Բադալյան. «Մանկական քաղցկեղը հիմնականում բուժելի է»

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկական քաղցկեղը միայն առողջապահական խնդիր չէ, այլեւ սոցիալական, որին իրենց ուշադրությունը պետք է ուղղեն ոչ միայն պետությունը եւ նման խնդիր ունեցող ընտանիքները, այլեւ հասարակության բոլոր խավերը ' գործարարները, բարերարները, լրագրողները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժնի ղեկավար Գրիգոր Բադալյանը, Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի մոտ 80-90 դեպք:

«Երեխաների մոտ հիվանդության 70 տոկոս դեպքերը բուժվում են, խոսքը լիակատար բուժման մասին է: Եթե հիվանդությունը 2-3 տարի անց չի կրկնվում, ապա կարելի է համարել, որ մենք հասել ենք վերջնական արդյունքի»,- ասաց Գրիգոր Բադալյանը'հավելելով, որ մանկական չարորակ ուռուցքներն ավելի զգայուն են, քան մեծահասակների դեպքում է, եւ հիվանդության' սկզբնական փուլերում հայտնաբերման դեպքում հնարավոր է քիմիաթերապիայի միջոցով բուժել այն:

Փորձը ցույց է տալիս, որ միայն աչքի քաղցկեղն է փոխանցվում ժառանգաբար, մյուս տեսակները' սովորաբար ոչ: Իսկ այն դեպքերը, երբ երեխան բնածին հիվանդ է լինում քաղցկեղով, բացատրվում է ոչ թե ժառանգական գործոնով, այլ նրանով, որ մորից պտղին հիվանդությունը փոխանցվում է ընկերքի միջոցով:

«Ամենատարածված տեսակն արյան քաղցկեղն է' լեյկիմիան' մոտ 75 տոկոս, հաջորդը' գլխուղեղի ու նյարդային կենտրոնական համակարգի քաղցկեղը' մոտ 15 տոկոս, ոչ շատ տարածված են, սակայն հանդիպում են նաեւ երիկամների, ոսկրային եւ այլ տեսակները»,- հավելեց մանկական ուռուցքաբանը: Հայաստանում, ինչպես փաստում են ոլորտի մասնագետները, մանկական քաղցկեղի հիվանդացության աճման տեմպը կարծես որոշակիորեն դանդաղել է: Այդ են ցույց տալիս ընդհանուր դիտարկումները, իսկ թեմայի մասին հաճախ խոսելու պատճառը պայմանավորված է հիվանդության բուժման լավ արդյունքների եւ բուժման նոր եղանակների ներդրման հետ: Բուժման դասական տարբերակը հիմնականում քիմիաթերապիան է:

«Ի տարբերություն նախորդ տասնամյակում մանկական քաղցկեղի գրանցված աճի, վերջին տասնամյակում իրավիճակը կայունացել է»,- նշեց Գրիգոր Բադալյանը:

Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմազան են ' քաղցկեղածին նյութեր սննդում եւ օդում, ծնողների կողմից վնասակար սովորություններ' ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահում, ինչպես նաեւ մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրներ, արեւային ճառագայթում եւ այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում