Փաստ մեկնաբանությամբ

Ա. Թամոյան. «Հայերի ու եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի»

2 րոպեի ընթերցում

Ա. Թամոյան. «Հայերի ու եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի»

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի համայնքում օրերս տեղի ունեցած միջադեպը հայկական որոշ լրատվամիջոցներ ներկայացրել էին իբրեւ ազգամիջյան բախում հայերի եւ եզդիների միջեւ: Ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները պահը բաց չէին թողել եւ բարձրաձայնել էին «հայերի եւ եզդիների միջեւ թշնամական հարաբերությունների» մասին:

Թեմայի շուրջ պարզաբանումներ տալու նպատակով այսօր լրագրողների հետ հանդիպեց Աշխարհի եզդիների ազգային միության եւ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը: Վերջինս նշեց, որ իրեն զարմացրել է փոքրիկ միջադեպի առաջացրած այսօրինակ արձագանքը: «Եղբայրն էլ է եղբոր հետ կռվում: Մի՞թե դա կարելի է ներկայացնել իբրեւ ազգամիջյան բախում: Այս խնդիրը մեր թշնամիներն են հրահրում: Հայերի ու եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի»,-ասաց Ա. Թամոյանը' նշելով, որ այսկերպ ուղղակի թշնամին փորձում է սեպ խրել հայերի եւ եզդիների բարեկամական հարաբերություններում:

Նա նշեց, որ չափազանցված են միջադեպի մասնակիցների' հիվանդանոցում գտնվելու մասին լուրերը: «Նրանք պարզապես մի փոքր քաշքշել էին իրար, որի հետեւանքով թեթեւ վնասվածքներ, քերծվածքներ էին ստացել»,-ասաց Ա. Թամոյանը' նշելով, որ ինքը, ժամանակին հասնելով դեպքի վայր, կարողացել է հանդարտեցնել կողմերին, իսկ քերծվածքներ ստացածներին պարզապես խնդրել է դիմել բժշկի' բարդացումներից խուսափելու համար: Բանախոսը հավաստիացրեց, որ բոլոր խնդիրները հարթված են, եւ շարունակությունը, ինչպես միշտ, կլինի «բարեկամությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում