Փաստ մեկնաբանությամբ

Հ. Առաքելյան. «Երեւանում ՀՌԱԿ-ի անցկացրած համագումարին որեւէ մեկին հրավեր ուղարկված չի եղել»

6 րոպեի ընթերցում

Հ. Առաքելյան. «Երեւանում ՀՌԱԿ-ի անցկացրած համագումարին որեւէ մեկին հրավեր ուղարկված չի եղել»

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչ էլ լինի, ես չեմ հեռանա քաղաքականությունից, հավատարիմ կմնամ իմ քաղաքական հայացքներին եւ չեմ լքի իմ երկիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը' անդրադառնալով իրեն պաշտոնից հեռացնելու շուրջ լուրերին: Նա պարզաբանումներ տվեց իր պաշտոնանկության թեմայի հետ կապված մի շարք հարցերի շուրջ: Է. Անտինյանը նշեց, որ համագումարը, ըստ հայտարարության, պետք է անցկացվեր Աղվերանում, այնինչ անցկացվել է Երեւանում, որտեղ եւ տեղի է ունեցել ՀՌԱԿ ատենապետի փոփոխություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Հարություն Առաքելյանը նշեց, որ իրենք երեք ավտոբուս էին պատվիրել, 50 ուղեւորի համար նախատեսված մի ավտոբուսի հետ որոշ խնդիրներ են առաջացել, հետեւաբար, որոշվել է համագումարը Երեւանում անել: «Քանի որ համագումարը արտահերթ էր, կանոնադրության համաձայն' մենք բոլոր իրավասություններն ունեինք' մեր ցանկացած պահին եւ մեր ցանկացած տեղում այն անցկացնելու»,-ասաց Հ. Առաքելյանը' նշելով, որ իրենք կանոնադրություն չեն խախտել: Համագումարին Է. Անտինյանի բացակայությունը նրա' հրավիրված չլինելով մեկնաբանելը ճիշտ չէ. ոչ ոք հրավիրված չի եղել, կուսակցությունն ինքն իր կառույցներով, շրջանակների ավելի քան երկու երրորդի պահանջներով, համաձայն կանոնադրության, համագումար է անցկացրել: «Արդեն ութ ամիս կուսակցությունը պարալիզացված էր քաղաքական որոշումներ կայացնելու հարցում, քանի որ հանրապետական վարչություն չէր ընտրվել»,-ասաց Հ. Առաքելյանը:

Է. Անտինյանը խոսեց կուսակցության կնիքի կորչելու մասին, որի հետ կապված ինքը հայտարարություն է տարածել: Նա անդրադարձավ նաեւ գաղտնաբառի, էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխություններին: Գաղտնաբառը, ըստ Է. Անտինյանի, պետք է իմանա միայն մեկ պատասխանատու մարդ: Էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխությունը բանախոսը բացատրեց հետեւյալ կերպ. «Այդ հասցեով հայտարարություն է տարածում Փառանձեմ Շահնազարյանը, ով Հարություն Առաքելյանի քեռու աղջիկն է: Հարց է առաջանում' պե՞տք է արդյոք, որ Հարություն Առաքելյանի քեռու աղջիկը ՀՌԱԿ լրատվականով հայտարարություններ տարածի»:

Վերջինիս խոսքերին ի պատասխան' Հ. Առաքելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Փառանձեմ Շահնազարյանն իրենց լրատվական ծառայության ղեկավարն է, ով Է. Անտինյանի ատենապետության օրոք էլ, որպես ծառայության ղեկավար, բոլոր լուրերը տարածել է եւ շարունակելու է տարածել նաեւ այսուհետ: «Ինքը, որպես հաքեր, գողացել էր մեր կայքէջի գաղտնաբառերը եւ օգտագործում էր ուզածի պես, որը կանոնադրության խախտում է, որովհետեւ ատենապետը որեւէ բացառիկ իրավասություն չունի»,-ասաց Հ. Առաքելյանը' նկատելով, որ ատենապետն ունի հանրապետական վարչության անդամի կարգավիճակ, իսկ հանրապետական վարչությունը բաղկացած է երեսուն անդամից: ՀՌԱԿ նոր ատենապետի խոսքով, վարչության երեսուն անդամից գոնե 16-ը պիտի քվեարկեին, որ Է. Անտինյանը գաղտնաբառեր փոխեր: «Կնիքի մասին կեղծ հայտարարություններ եւս տարածել է Է. Անտինյանը: Նրա որեւիցե գործողություն կանոնադրության մեջ չի տեղավորվում: Հետեւաբար, համագումարը համապատասխան եզրակացություն եւ որոշում իրականացրեց»,- նշեց Հ. Առաքելյանը:

Է. Անտինյանը տեղեկացրեց, որ ինքը բողոքներով դիմել է արդարադատության նախարարին, պետռեգիստր: Եթե պետռեգիստրը գրանցի նրանց, ինքը մտադիր չէ դատարան դիմել, իսկ եթե չգրանցի, մտադիր է համագումար հրավիրել: Ամեն դեպքում Է. Անտինյանը մտադիր չէ հեռանալ ո'չ քաղաքականությունից, ո'չ էլ երկրից: «Եթե գրանցեն, ես առաջինը կշնորհավորեմ»,- ասաց Է. Անտինյանը' նշելով, որ ինքը կշարունակի լինել լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության կողմնակից, իսկ թե ինչպես կդասավորվի իր ճակատագիրը, բոլորի համար տեսանելի կլինի: «Հաստատ սոցիալիստ չեմ դառնա»,- ասաց բանախոսը:

«Արմենպրես»-ի հարցին' ինչպես կդասավորվի Է. Անտինյանի հետագան, Հ. Առաքելյանը պատասխանեց, որ վերջինս ինքն է իր ճակատագիրը որոշելու: «Նա բոլոր շրջանակներին իր դեմ հանեց' 8 ամսվա մեջ որեւէ այցելություն, որեւէ հեռախոսազանգ չկատարելով, չփորձեց ճշտել' ինչպես են շրջանակները գոյատեւում, ինչ կյանքով են ապրում, հետեւաբար, փոխադարձ վերաբերմունք դրսեւորվեց իր հանդեպ»,- ասաց ՀՌԱԿ նորընտիր ատենապետը' նշելով, որ համաձայն կանոնադրության' Է. Անտինյանը պետք է նախ բողոք ներկայացնի կարգապահական ատյան, որը, սակայն, ինքն է համագումարին ներկայացրել եզրակացություն, ստուգել է ՀՌԱԿ նախկին ատենապետի հարցազրույցները, մեղադրանքները, ոստիկանությանը տված ապատեղեկատվությունը:

Իրենց ծրագրերին անդրադառնալով' Հ. Առաքելյանը նշեց, որ հետագա քայլերը կրկին ուղղված են լինելու հայ ժողովրդի շահերի պաշտպանությունը: «Ինչպես 125 տարի, նույնկերպ էլ շարունակելու ենք, իսկ իր ճակատագիրը յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում