Փաստ մեկնաբանությամբ

Մ. Վանյան. «ԲՍՓ համակարգը կոռումպացված չէ»

3 րոպեի ընթերցում

Մ. Վանյան. «ԲՍՓ համակարգը կոռումպացված չէ»

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգը կոռումպացված չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի այն կարծիքին, թե ոլորտում տիրող բյուրոկրատական քաշքշուկներն ու կոռուպցիոն դրսեւորումներն անհերքելի են, նման գնահատականով հանդես եկավ ԲՍՓ գործակալության պետ Միշա Վանյանը:

Նրա խոսքով' ինչպես յուրաքանչյուր բնագավառում, այնպես էլ ԲՍՓ համակարգում կոռուպցիոն ռիսկեր կան, բայց դա հիմք չի տալիս մարդկանց հայտարարելու' այն ամբողջովին կոռումպացված է: «Մենք բազմիցս հայտարարել ենք' եթե կան կոնկրետ փաստեր ոլորտի այս կամ այն ներկայացուցչի դեմ, որն իր գործունեության ընթացքում կոռուպցիոն քայլեր է իրականացրել, ապա այդ փաստերը կարող են ներկայացնել ե'ւ մեզ, ե'ւ իրավապահ մարմիններին' այդ մարդուն համապատասխան պատժի ենթարկելու նպատակով: Սակայն մինչ օրս նման բարձրագոչ հայտարարություններ անողներից եւ ոչ մեկը, այդ թվում' նաեւ պարոն Ալավերդյանը, նման փաստ չի ներկայացրել: Ընդհանրապես հեշտ է ոչինչ չանել, լինել սպառողի կարգավիճակում ու կառույցի հասցեին չհիմնավորված ու չտրամաբանված ստահոդ լուրեր տարածել»,- ասաց Մ. Վանյանը' հատկանշական համարելով այն հանգամանքը, որ իրենք մարդկանց հաշմանդամության այս կամ այն խումբը սահմանում եմ ոչ թե իրենց հայեցողությամբ, այլ համաձայն սահմանված չափորոշիչների:

Մ. Վանյանը նշեց, որ Ա. Ալավերդյանի' վերջին շրջանում կառույցի հասցեին հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները դեռ հին արմատներ ունեն: Դրանք կապված են 2007 թ. բժշկասոցիալական փորձաքննության ենթարկված Գագիկ Նավասարդյանի հետ, ում համար մինչեւ պրոթեզավորումը սահմանվել էր հաշմանդամության երկրորդ խումբ' մեկ տարի ժամկետով, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո, լինելով պրոթեզավորված, համաձայն գործող չափորոշիչների, սահմանվել էր հաշմանդամության երրորդ խումբ' անժամկետ: Չհամաձայնելով այդ որոշման հետ' Գ. Նավասարդյանը դիմել է տարբեր դատական ատյաններ, եւ մինչ այսօր շարունակվում են դատական լսումները: Իր վերաքննիչ բողոքում Գ. Նավասարդյանը նշել է, որ պատասխանողները չեն հիմնավորել եւ որեւէ ապացույց չեն ներկայացրել, թե ինչի հիման վրա, ինչ փոփոխությունների արդյունքում է իր կարողությունների սահմանափակման աստիճանը փոփոխվել: Սակայն, Մ. Վանյանի հավաստմամբ, նշված հանգամանքը չի համապատասխանում իրականությանը: «Դատաքննությունների ընթացքում պատասխանող կողմի մասնագետները բազմիցս տվել են մանրամասն մասնագիտական եւ իրավական պարզաբանումներ: Եվ ահա ամեն տարի' այդ լսումներից առաջ, պարոն Ալավերդյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպում է կազմակերպում ու առանց որեւէ հիմնավորման ԲՍՓ համակարգի վերաբերյալ անհարկի հայտարարություններ անում»,- ասաց Մ. Վանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում