Փաստ մեկնաբանությամբ

Ընդլայնվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների երկրների աշխարհագրությունը

2 րոպեի ընթերցում

Ընդլայնվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների երկրների աշխարհագրությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի մոտ 15 տոկոս աճ է գրանցվել' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ընդլայնվել է նաեւ Հայաստանում «հյուրընկալվողների» երկրների աշխարհագրությունը։ Տարեցտարի զբոսաշրջիկներ են գալիս անգամ այնպիսի երկրներից, որոնց անունները մեզ քիչ ծանոթ են:

Մեր երկիր այցելող զբոսաշրջիկները հիմնականում Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Վրաստանից եւ եվրոպական երկրներից են: Մ. Ապրեսյանի տեղեկացմամբ' այս տարի զբոսաշրջության բնագավառում ակնկալվում է մոտ 20 տոկոս աճ' նախորդ տարվա համեմատությամբ: Ու թեեւ իրական պատկերը պարզ կդառնա միայն երրորդ եռամսյակի ամփոփումից հետո, այդուհանդերձ վարչության պետի համոզմամբ' իրենց սպասելիքները կարդարացվեն:

Հայաստանում ստեղծված են զբոսաշրջության զարգացմանը խթանող բարենպաստ պայմաններ: Նորաստեղծ ճոպանուղու' «Տաթեւի թեւեր»-ի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում. այն միշտ հագեցած է ուղեւորներով: Մ. Ապրեսյանը նկատեց, որ անհրաժեշտություն կա ավելի զարգացնելու առողջարանային, ձմեռային զբոսաշրջությունը: Այս ոլորտներում արդեն իսկ ակտիվություն է նկատվում:

Վարչության պետը ներկայացրեց նաեւ զբոսաշրջության վիճակն աշխարհում: Նրա խոսքով' 2009 թ. ճգնաժամի հետ կապված' այս ոլորտը 4-5 տոկոս անկում էր ապրել, այս տարի, սակայն, մոտավորապես 4 տոկոսի չափով աճ կա արդեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում