Փաստ մեկնաբանությամբ

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունները «հիստերիա» են առաջացրել Ադրբեջանում

2 րոպեի ընթերցում

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունները «հիստերիա» են առաջացրել Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադիի վերջին հայտարարություններն Ադրբեջանում «հիստերիա» են առաջացրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը' հավելելով, որ Ադրբեջանի հասցեին Իրանից հաճախ ավելի սուր արտայտություններ էլ են հնչել:

«Այժմ, նկատի ունենալով Իրանի զարգացման միտումները, Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել' հասկանալով, թե ինչ է լինելու ապագայում, քանի որ Ֆիրուզաբադիի հայտարարությունն ուղղված էր նաեւ Ադրբեջանի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը»,- նշեց Մ.Բաղդասարյանը' շեշտելով, որ ժամանակ առ ժամանակ Իրանի' իսլամի դեմ ուղղված Ադրբեջանի գործողությունները քննադատող կոշտ հայտարարություններն իրականում արտահայտում են Իրանի վերնախավում առկա մտահոգությունները տարածաշրջանում Ադրբեջանի դերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԻԻՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին օրերս իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ որոշ հարեւան իսլամական երկրներ, որոնց հետ Իրանը պահպանում է բարիդրացիական հարաբերություններ, շարունակում են արհամարհել այդ բարեկամությունը: «Նրանք ոտնահարում են իսլամի օրենքները: Բայց Ադրբեջանի ժողովրդի երակներում հոսում է նաեւ իրանական արյուն, եւ նրանց սրտում ապրում է իսլամի նկատմամբ անկոտրում սերը»,- ասել էր Հ.Ֆիրուզաբադին:

Այս հայտարարությունը բավականին մեծ արձագանք էր գտել Ադրբեջանում, ինչի առնչությամբ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա էր ուղղել Բաքվում Իրանի դեսպանատուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում