Փաստ մեկնաբանությամբ

Հարկային տեսուչներն անպատշաճ պահվածքի համար ենթարկվել են պատասխանատվության

2 րոպեի ընթերցում

Հարկային տեսուչներն անպատշաճ պահվածքի համար ենթարկվել են պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային տեսուչներն անպատշաճ պահվածքի համար ենթարկվել են պատասխանատվության: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով անդրադառնալով որոշ հարկային տեսուչների անպատշաճ պահվածքի վերաբերյալ մամուլում հրապարակված հոդվածին, այս մասին այսօր հայտարարեց ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նրա տեղեկացմամբ' Կենտրոնի հարկային տեսչությունում ներքին դիտարկումների եւ վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ծառայողական քննություն եւ կայացվել համապատասխան եզրակացություն: Դրա հիման վրա որոշվել է մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության. Կենտրոնի հարկային տեսչության կանխատեսումների եւ ընթացիկ հսկողության բաժնի հարկային տեսուչ Գառնիկ Գեւորգյանն ազատվել է հարկային ծառայությունից, կանխատեսումների եւ ընթացիկ հսկողության բաժնի պետ Լեւոն Մարտիրոսյանին ու նույն բաժնի հարկային տեսուչներ Սամվել Զաքարյանին եւ Հրաչիկ Մկրտչյանին հայտարարվել է գրավոր նկատողություն:

«Այս որոշումը տարածվել է Պետեկամուտների կոմիտեի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներում' ի գիտություն' այդպիսի երեւույթները հետագայում չկրկնելու նպատակով»,- ասաց Ա. Ալավերդյանը:

Տ. Սարգսյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին' երբ հրապարակումներում կան փաստեր, որոնք համապատասխանում են իրականությանը, ապա իշխանությունները պարտավոր են ձեռնարկել միջոցառումներ եւ պատժել պատասխանատուներին:

«Սա այն դեպքն է, երբ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով այդ հրապարակմանը եւ ծառայողական քննության միջոցով պարզելով, որ փաստերը համապատասխանում են իրականությանը, մեղավորներին պատժել է»,- ասաց Կառավարության ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում