Փաստ մեկնաբանությամբ

Ա. Վիրաբյան. «Պետք է ակտիվ աշխատել Վատիկանի Գաղտնի արխիվի ներկայացուցիչների հետ»

3 րոպեի ընթերցում

Ա. Վիրաբյան. «Պետք է ակտիվ աշխատել Վատիկանի Գաղտնի արխիվի ներկայացուցիչների հետ»

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Գաղտնի արխիվների փաստաթղթերի ուսումնասիրությունը չափազանց կարեւոր է նախորդ դարասկզբին Թուրքիայի վարած քաղաքականության մանրամասները բացահայտելու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այն աշխարհի ամենահին եւ ամենամեծաքանակ փաստաթղթեր պարունակող արխիվն է, որը ստեղծվել է 1610 թվականին' առանձնացվելով գրադարանից:

«Խնդիրը նրանում է, որ Վատիկանի արխիվների կատալոգ գոյություն չունի, այսինքն' այնտեղ կան փաստաթղթեր, որոնց մասին գիտեն միայն արխիվի աշխատողները, իսկ հասարակությունը չգիտի, թեպետ տարեկան այնտեղ աշխատում է շուրջ 1500 ուսումնասիրող գիտնական»,-ասաց Ա. Վիրաբյանը:

Նրա խոսքով' Վատիկանի Գաղտնի արխիվի փաստաթղթերի թվագրությունը սկսվում է 1200 թվականից: Այն առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում' կապված նոր եւ նորագույն ժամանակների' 19-20 դարերի համար: Այդ շրջանում Հռոմի պապի դեսպանները եղել են աշխարհի համարյա բոլոր երկրներում եւ մանրամասն տեղեկություններ հաղորդել այդտեղ տեղի ունեցող քաղաքական, տնտեսական եւ այլ գործընթացների մասին:

«Մեզ հետաքրքրում է, որովհետեւ Պապի ներկայացուցիչները եղել են Կոստանդնուպոլսում, եւ նրանք մանրամասն հաղորդագրություններ են ներկայացրել Հռոմ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մասնավորապես' դրանք վերաբերել են հայերի նկատմամբ վարվող քաղաքականությանը' հայերի կոտորածներին, ջարդերին, տեղահանությանը»,-ասաց Ա. Վիրաբյանը: Նա նշեց, որ դրանց ուսումնասիրությունը չափազանց կարեւոր է եւ պետք է ակտիվ աշխատել, քննարկումներ անցկացնել արխիվի պատասխանատուների հետ, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել հատկապես Թուրքիայում Հռոմի պապի ներկայացուցիչների ուղարկած ամբողջ տեղեկատվությունը:

Նշենք, որ Վատիկանը նյութեր կհրապարակի 20-րդ դարասկզբին թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել էր Վատիկանի Գաղտնի արխիվների պատասխանատու Սերջիո Պագանոն: Անդրադառնալով Վատիկանի Գաղտնի արխիվներում պահվող' Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերին' Ս. Պագանոն ասել է, որ ինքը ցավի ու սարսափի անզուսպ զգացողություն է ունենում, երբ կարդում է այն խոշտանգումների մասին, որոնք թուրքերն իրագործել են հայերի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում