Ստեփանակերտի օդանավակայանն արդեն իսկ կարող է գործել, սակայն շահագործման կհանձնվի սեպտեմբերի կեսերից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանը, նախնական տվյալներով, շահագործման կհանձնվի սեպտեմբերի կեսերից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը: Ըստ նրա' արդեն իսկ կարող է գործել օդանավակայանի ռադիոնավիգացիոն համակարգը, սակայն մինչ տարեվերջ այն կհամալրվի եւս մեկ ժամանակակից համակարգով: «Ներկայում էլ կարող ենք օդանավեր ընդունել եւ ճանապարհել: Այժմ լայնածավալ աշխատանքներ են տարվում վազքուղու լայնացման ուղղությամբ: Համենայն դեպս, շինարարները վստահեցնում են, որ օդանավակայանում բոլոր շինաշխատանքները կավարտեն սեպտեմբերի կեսերին: Հույս ունենք, որ այդպես էլ կլինի»,- ասաց Դ. Ատբաշյանը:
Նրա հավաստմամբ' օդանավակայանը կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին եւ կկարողանա ընդունել տարբեր տեսակի բարձրակարգ, ժամանակակից օդանավեր:
Ըստ Դ. Ատբաշյանի' ծրագրվում է, որ օդանավակայանը սկբից կշահագործի 50 տեղանոց կանադական «SRJ-200» մակնիշի օդանավեր: Նրանք ձեռք կբերվեն լիզինգային տարբերակով: