Փաստ մեկնաբանությամբ

Իտալացի արվեստագետները կգան Արցախ` չնայած ադրբեջանական սպառնալիքներին

3 րոպեի ընթերցում

Իտալացի արվեստագետները կգան Արցախ` չնայած ադրբեջանական սպառնալիքներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կժամանեն իտալացի ռեժիսորներ, ովքեր ֆիլմ կնկարահանեն ԼՂՀ-ի, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանների մասին: Նրանց հետ Հայաստան են ժամանելու եւ ֆիլմի ստեղծման աշխատանքներում օժանդակելու են Իտալիայի գեղարվեստի ակադեմիայի այն պրոֆեսորները, որոնք հուլիսին տասն օր շարունակ ստեղծագործել եւ արդյունքում ստեղծված աշխատանքները նվիրել են Արցախին: Սիմպոզիումը վավերացնող իտալացի լուսանկարիչ Լապո Կալին վստահեցրել է, որ նրանք անպայման կգան ԼՂՀ' անկախ հանգամանքներից:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի տնօրեն Դավիթ Իսաջանյանը, իտալացի արվեստագետը, «անկախ հանգամանքներից» ասելով, նկատի է ունեցել այն սպառնալիքները, որոնք հնչում են Ադրբեջանի «շուրթերից»:

Իրականում սպառնալիքների պատմությունն ավելի հին է: Թեեւ Լեռնային Ղարաբաղում տասնօրյա սիմպոզիումը կայացավ առանց «արտակարգ իրավիճակների», սակայն Ադրբեջանը ջանք չխնայեց լարված մթնոլորտ ստեղծելու համար: Իտալիայում Ադրբեջանի դեսպանատունը Լապո Կալիին նամակ է հղել, որտեղ նշել է, թե նրանք իրավունք չունեն այցելել «Ադրբեջանի Հանրապետության տարածք» առանց իրենց պաշտոնական թույլտվության: «Իտալիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան կողմից ինձ հղված նամակում նշվում է, որ Արցախ այցելելու դեպքում դատական գործ կհարուցվի իմ դեմ» - ժպիտով շեշտել է Սիմպոզիումը վավերացնող լուսանկարիչ Լապո Կալին, ով իտալական «Ստուդիո կալի» նկարահանման ստուդիայի պատվիրակության հետ ժամանել էր Արցախ' Սիմպոզիումի, Արցախի, Հայաստանի մասին վավերագրական ֆիլմի կադրեր նկարահանելու նպատակով:

Դավիթ Իսաջանյանի հավաստմամբ' իտալացի մասնագետները վրդովված էին, զարմացած, մի փոքր վախվորած, սակայն այդ ամենին վերաբերվում էին կատակով: «Արմենպրես»-ի այն հարցին, թե որն է եղել կատակով վերաբերվելու պատճառը, Դ. Իսաջանյանը հավաստիացրեց, որ մասնակիցների համար իրոք ծիծաղելի է եղել կեղծ քաղաքակիրթ երեւալու ճամփան բռնած Ադրբեջանի նմանատիպ «վախվորած» պահվածքը:

Մասնակցիները վստահություն են հայտնել, որ չեն վախենալու եւ շարունակելու են այցելել ԼՂՀ, քանի որ վստահ են, որ Իտալիայի կառավարությունը եւ իտալացիները իրենց կօժանդակեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում