Փաստ մեկնաբանությամբ

Ն. Զոհրաբյան. «Թուրքիայի քաղաքական էլիտայի դիմագիծը վաղուց արդեն պարզ է միջազգային հանրությանը»

2 րոպեի ընթերցում

Ն. Զոհրաբյան. «Թուրքիայի քաղաքական էլիտայի դիմագիծը վաղուց արդեն պարզ է միջազգային հանրությանը»

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հիստերիկ պահվածքը զարմանք չի առաջացնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը' անդրադառնալով Ծաղկաձորում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ Էրդողանի' դիվանագիտական գործչին ոչ վայել, ցանկացած կոռեկտության սահմանը հատող ձեւակերպումներին ու պահվածքին: Ըստ նրա' թուրքական կողմն առաջնորդվում է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մոտեցմամբ:

«Միջազգային հանրությանն ի տես հայ-թուրքական արձանագրությունների տապալման ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիան: Ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական էլիտան պետք է օգտագործեր «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մոտեցումը: Արդեն չեմ զարմանում ո'չ Իլհամ Ալիեւի, ո'չ էլ Ռ. Թայիբ Էրդողանի լեքսիկոնի վրա: Թուրքիայի քաղաքական էլիտայի դիմագիծը վաղուց արդեն պարզ է միջազգային հանրությանը»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի այն արշավին, որով Էրդողանից պահանջվում է ներողություն խնդրել հայ ժողովրդից. Թուրքիայի վարչապետն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեգնական արտահայտություններ են արել հայ ժողովրդի եւ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ եւ նշեց, որ դրանից բացի, Էրդողանը պետք է ներողություն խնդրի սեփական ժողովրդին ապակողմնորոշվելու համար:

«Քանի դեռ այդ երկրում այդ քաղաքական էլիտան է, դա նշանակում է, որ ժողովրդավարացման որեւէ ապագա այն չունի: Ես դա ցավով եմ ասում, որովհետեւ ցանկացած երկրի համար շահեկան կլիներ ունենալ ժողովրդավար հարեւան պետություն»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում