Փաստ մեկնաբանությամբ

Մայրաքաղաքում իրականացվում են 200-ից ավելի շենքերի արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում իրականացվում են 200-ից ավելի շենքերի արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում իրականացվում են 200-ից ավելի շենքերի ճակատային մասի, արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, տարեկան ծրագրով նախատեսված էր 67 շենքերի արտաքին տեսքի բարելավում, այն էլ' հիմնականում Կենտրոն վարչական շրջանում: Քաղաքապետ Կարեն Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ խնդիր դրվեց, որ թարմացվեն եւ բարեկարգվեն մյուս վարչական շրջանների բնակելի բազմաբնակարան եւ հասարակական շենքերը: Տարեսկզբին նախատեսված 63 շենքերին ավելացավ եւս 180-ը: Ներկայում ընթացքի մեջ են 243 շենքի արտաքին տեսքի թարմացման աշխատանքներ:

Կ. Արեյանը նշեց, որ շենքերի արտաքին պատերը բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականատերերի ընդհանուր սեփականությունն են: Իրենք են պարտավորված թարմացնելու շենքերի արտաքին տեսքը: Հաշվի առնելով այն, որ Հայաստանում բազմաբնակարան շենքի կառավարման մարմինները դեռեւս կայացած չեն, բնակիչը պատրաստ չէ օրենքի այդ պահանջը կատարելու, այդ իսկ պատճառով քաղաքապետի նախաձեռնությամբ որոշվեց իրականացնել քաղաքապետարանի կողմից:

«Դա միայն արտաքին տեսքի թարմացում չէ, մենք ունեինք նաեւ վթարավտանգ վիճակ, որոնք նույնպես մեր ուշադրության կենտրոնում են եղել:

Մեր բնակիչները պետք է տեր կանգնեն իրենց շենքի արտաքին տեսքին, անվտանգությանը: Միայն բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի թույլտվությամբ, բնակիչների երկու երրորդի համաձայնությամբ կարելի է արտաքին տեսքի հարցում միջամտություն կատարել»,-ասաց Կ. Արեյանը: Առիթից օգտվելով' Կ. Արեյանը հորդորեց բնակիչներին թույլ չտալ ապօրինի միջամտություններ:

Նրա խոսքով' մայրաքաղաքի շենքերն այնքան են հագեցած ալեհավաքներով, օդորակիչներով, ավելորդ լարերով, որ քաղաքապետի հանձնարականն է' այսուհետեւ ֆասադային հատվածում առանց թույլտվության որեւէ սարքավորում չտեղադրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում