Փաստ մեկնաբանությամբ

Հայկական կողմն ունի հստակ փաստեր` Ադրբեջանում գտնվող մի քանի տասնյակ հայազգի անհայտ կորածների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Հայկական կողմն ունի հստակ փաստեր` Ադրբեջանում գտնվող մի քանի տասնյակ հայազգի անհայտ կորածների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է ներկայացրել 20 հայազգի անհայտ կորածների' Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ հստակ փաստեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռիմա Առաքելյանը, ով նաեւ հանդիսանում է Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ, ներկայում պատրաստվում են եւս մի քանի տասնյակ անհայտ կորածների վերաբերյալ փաստեր, որոնք կրկին ապացուցում են, որ նրանք գտնվում են Ադրբեջանում:

«Նրանց վերաբերյալ փաստաթղթերը եւս կներկայացվի ԿԽՄԿ-ին: Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ անհայտ կորած հայազգիների որոնման եւ հայրենադարձման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր աշխատանքները պետք է ակտիվացնի: ԿԽՄԿ-ի հայաստանյան ներկայացուցչության նախկին ղեկավարի աշխատանքներից մենք դժգոհ էինք, այժմ ղեկավարը փոխվել է, եւ նրա հետ հանդիպմանը մենք ներկայացրել ենք մեր պահանջներն ու ակնկալիքները' մեր հայրենակիցների հայրենադարձման ուղղությամբ կատարվելիք քայլերի ուղղությամբ: ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակի նախկին ղեկավարի պասիվ գործունեության վերաբերյալ ես արդեն բարձրաձայնել եմ Շվեյցարիայում գտնվող ԿԽՄԿ-ի կենտրոնակայանում: Հույս ունենք, որ նոր ղեկավարի հետ համագործակցությունը կլինի բարձր մակարդակի եւ կարվեն աշխատանքներ' մեր հայրենակիցների հայրենադարձման ուղղությամբ»,- ասաց Ռ. Առաքելյանը' եւս մեկ անգամ ընդգծելով, որ անհայտ կորածների գտնվելու հստակ վայրերի մասին եւս իրենք բարձրաձայնել են:

Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած հայերի թիվն ընդհանուր առմամբ անցնում է հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում