Փաստ մեկնաբանությամբ

Ն. Զոհրաբյան. «ԵՄ-ն պետք է լուրջ ուշադրություն դարձնի ԼՂ-ում առկա խնդիրներին եւ փորձի ծրագրեր իրականացնել նաեւ այնտեղ»

2 րոպեի ընթերցում

Ն. Զոհրաբյան. «ԵՄ-ն պետք է լուրջ ուշադրություն դարձնի ԼՂ-ում առկա խնդիրներին եւ փորձի ծրագրեր իրականացնել նաեւ այնտեղ»

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն ցանկանում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրում եւ պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել' խնդրի կարգավորմանը նպաստելու եւ տարածաշրջանը վերականգնելու համար:

«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը' Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ Ֆյուլեի հայտարարությունը տեղավորվում է Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձեւերից մեկի շրջանակներում, որտեղ հստակ ասվում էր, որ ԵՄ-ն պետք է այլեւս հարաբերություններ հաստատի չճանաչված պետությունների քաղաքացիական հասարակությունների հետ: «Վերջին շրջանում այս մասին բազմիցս խոսել է նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գլխավոր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի նախագահի տեղեկալ Քեթրին Էշթոնը: Սա իրապես ողջունելի է: Մենք կարծում ենք, որ ԵՄ-ն հումանիտար ծրագրեր իրականացնելու առումով շատ ավելի ակտիվ կերպով պետք է ներգրավվի Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ ապրում են մարդիկ, որոնք ունեն նույն իրավունքները, ինչ Եվրամիության յուրաքանչյուր երկրի քաղաքացիներ: Միայն այն պատճառով, որ ԼՂ-ն դեռեւս չճանաչված է, դա չի զրկում նրա քաղաքացիներին իրավունքներ ունենալուց»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը:

Նրա խոսքով' միջազգային կառույցներն այդ մարդկանց իրավունքները երբեւէ չպետք է անտեսեն: «Լեռնային Ղարաբաղում առկա սոցիալական, հումանիտար խնդիրներին ԵՄ-ն պետք է լուրջ ուշադրություն դարձնի եւ փորձի ծրագրեր իրականացնել նաեւ Արցախում»,- նշեց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում