Փաստ մեկնաբանությամբ

Հայ կանայք նախընտրում են սպորտային կեցվածքով տղամարդկանց, իսկ վերջիններս`նիհար շիկահերների

3 րոպեի ընթերցում

Հայ կանայք նախընտրում են սպորտային կեցվածքով տղամարդկանց, իսկ վերջիններս`նիհար շիկահերների

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրանցված ամուսնությունների միջին տարիքը բարձրացել է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, եթե 1994 թվականին տղամարդկանց շրջանում ամուսնության միջին տարիքը 27-ն էր, ապա վերջին 3 տարիների ընթացքում 29-ն է: Կանանց շրջանում 1994 թվականին ամուսնության միջին տարիքը 22-ն էր, իսկ վերջին 3 տարիներին' 25-ը:

Կ. Կույումջյանը նշեց, որ վերջին տարիներին գրանցված ամուսնությունների թիվը 1980-ական թվականների համեմատ զգալիորեն նվազել է: Ամուսնության գրանցման ամենացածր ցուցանիշ եղել է 2000 թվականին' շուրջ 11 հազար, որից հետո արդեն ավելացման միտում է նկատվում: Նշենք, որ 1980 թվականին Հայաստանում գրանցվել է 32 հազար ամուսնություն, 1990 թվականին' 28 հազար, 1995 թ-ին' 15 հազար: Վերջին 3 տարիներին Հայաստանում գրանցվել է շուրջ 18 հազար ամուսնություն:

Անդրադառնալով ամուսնալուծություններին' Կ. Կույումջյանը նշեց, որ 1980 թվականին գրանցվել է 3 հազար 387 ամուսնալուծություն, 1990 թվականին այդ ցուցանիշը հասել է 4 հազար 340-ի, 2000 թվականին' 1343-ի: Նա նկատեց, որ 2000 թվականին ամուսնալությունների նվազումը պայմանավորված է ամուսնությունների թվի նվազմամբ: Վերջին 3 տարիներին հանրապետությունում գրանցվել է շուրջ 3 հազար ամուսնալուծություն:

«Այս ցուցանիշներին պետք է վերապահումով մոտենալ: Եթե դա դիտարկում ենք յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով, ապա այդ դեպքում իրավիճակը մտահոգիչ չէ, նորմալ է»,-ասաց Կ. Կույումջյանը:

«Երջանկութան գաղտնիքը» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը նշեց, որ իրենք Երեւանում աշխատում են արդեն 3 տարի: Այդ ընթացքում ծառայություն են մատուցել հազարից ավելի անձի:

«Ամուսնական գործակալության միջոցով ամուսնանալը Հայաստանում նորություն է, այնինչ դա աշխարհի բազմաթիվ այլ երկրներում սովորական է դարձել: Ճիշտ չէ այն կարծիքը, թե մարդիկ գործակալությանը դիմում են անճարությունից, հակառակը' դիմում են ավելի համարձակ, վստահ մարդիկ»,-ասաց Ի. Բաղիյանը: Նրա խոսքով ' իրենց պրակտիկայում բավական հաջողված ամուսնություններ են գրանցվել: Իրենց դիմում են ամենատարբեր տարիքի մարդիկ: Կանանց շրջանում գործակալությունը տարիքային սահմանափակում չի դնում, իսկ տղամարդկանց շրջանում գրանցում են 28 եւ դրանից բարձր տարիք ունեցողներին: Պատճառն այն է, որ կանայք իրենց պահանջներում հիմնականում նշում են, որ տղամարդը պետք է աշխատանքով ապահովված լինի, կայացած: Արտաքին տեսքի հետ կապված հայ կանայք նախընտրում են սպորտային կեցվածքով տղամարդկանց:

Ինչ վերաբերում է տղամարկանց պահանջներին, ապա, ըստ Ի. Բաղիյանի, հիմնականում նախընտրում են նիհար կազմվածքով աղջիկների եւ որ նրանք լինեն շիկահեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում