Փաստ մեկնաբանությամբ

Ա. Գոչունյան. «Թուրքիայում կարծում են, որ Կոնգրեսում տեղի ունեցող քննարկումներն առիթ են հանդիսացել ԱՄՆ-ի համար` կրկին անդրադառնալու Հայոց ցեղասպանությանը»

2 րոպեի ընթերցում

Ա. Գոչունյան. «Թուրքիայում կարծում են, որ Կոնգրեսում տեղի ունեցող քննարկումներն առիթ են հանդիսացել ԱՄՆ-ի համար` կրկին անդրադառնալու Հայոց ցեղասպանությանը»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում լայնորեն անդրադարձել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած «Վավերացման ակտ»-ում փոփոխություններ իրականացնելու որոշմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Հիշեցնենք, որ «Վավերացման ակտ»-ում փոփոխություններով կոչ է արվում Թուրքիային' հարգել քրիստոնյա կրոնական փոքրամասնությունների ազատությունները եւ վերադարձնել վերջիններից բռնագրավված եկեղեցիներն ու գույքը, ինչպես նաեւ ապահովել քրիստոնեական ծիսակարգին համապատասխան կրոնական արարողություններ անցկացնելու հնարավորությունը, իրավական կարգավիճակ տալ կրոնական փոքրամասնությունների կազմակերպություններին:

Ըստ Ա. Գոչունյանի' Թուրքիայում կարծում են, որ «Վավերացման ակտ»-ում եղած «եկեղեցիների ոչնչացում» եւ նմանատիպ կոշտ ձեւակերպումները նպատակ ունեն եւս մեկ անգամ ընդգծել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումը: «Չնայած լայնորեն անդրադարձին' Թուրքիայում այս փոփոխություններին որպես ահազանգ չեն վերաբերվում, քանի որ դրանք կրում են խորհրդատվական բնույթ եւ որեւէ տեսակի պարտադրանք չեն նախատեսում»,- ասաց Արա Գոչունյանը:

Վերջինս կարեւորում է, որպեսզի ԱՄՆ-ի իշխանությունները Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումների օրակարգում ներառեն վերը նշված խնդիրները: «ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի' Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ նման հարցեր քննարկվել են, ինչը ողջունելի է: Պետք է նկատել, որ այս խնդիրների շուրջ Թուրքիայում դրական տեղաշարժն առկա է: Կարծես' իշխանությունները ցուցաբերում են քաղաքական կամք' անդրադառնալու նման հարցերին եւ ազգային փոքրամասնությունների ուղղությամբ խտրականության վերացմանը»,- ասաց ստամբուլահայ գործիչը' ավելացնելով, որ այս ուղղությամբ լավատեսական նախադրյալներ կան:

Ըստ նրա' սրան նպաստում է նաեւ Թուրքիայի' Եվրամիությանն անդամակցելու մտադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում