Փաստ մեկնաբանությամբ

Ազատամարտիկները սատարում են ՀՀ նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտի վետերանների միությունը եւ Հայաստանում գործող հասարակական, քաղաքական, ռազմահայրենասիրական կազմակերպությունների կոմիտեն Արցախի ազատամարտի ինքնապաշտպանական գործողությունների հրամանատարների անունից այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ ներկայացված են իրենց տեսակետները ԼՂ խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է, որ ՀՀ-ում գործող հասարակական, ռազմահայրենասիրական կազմակերպությունները, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պաշտպանությանը մասնակցած զորահրամանատարները հայտարարում են, որ միջամտությունները, շանտաժը, բացահայտ խեղաթյուրումները երբեւիցե չեն կարող նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հարցի արդարացի լուծմանը:

«Գոյամարտ» համազգային կուսակցության նախագահ Սերյոժա Ղազարյանը նշեց, որ հավաքվել են 58 կազմակերպություններ եւ մոտ 100 կամավորական ջոկատների հրամանատարներ եւ ուսումնասիրել, վերագնահատել են անցած 20 տարվա հայոց դիվանագիտությունն ու ադրբեջանա-թուրքական կողմից տեղեկատվական պատերազմների արդյունքները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ծավալվող զարգացումները:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին' «Փառապանծ մարտիկներ» միության նախագահ Գրիշա Սարգսյանը նշեց, որ բոլոր ազատամարտիկներով կանգնած են ՀՀ նախագահի կողքին' մարտական բարձր պատրաստականությամբ: «Առաջին իսկ հրամանից մենք կարող ենք Ադրբեջանին հիշեցնել 1990-ական թվականները եւ կրկին ապացուցել մեր հզորությունը'ազատագրելով Դաշտային Ղարաբաղը եւ Բաքվում ծածանելով հայկական դրոշը»,- շեշտեց Գ. Սարգսյանը: Նրա խոսքով' ազատամարտիկները սատարում են ՀՀ նախագահին, որը կարող է ԼՂ հարցի բանակցային գրծընթացում հանդես գալ հաղթանակած դիրքերից:

Ազատամարտիկները նշեցին, որ հայտարարությունը բաժանվելու է Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում