Փաստ մեկնաբանությամբ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից` «Վավերացման ակտում» կատարված Բերման-Սիսոլինիի փոփոխությունները, որով կոչ է արվում Թուրքիային վերադարձնել քրիստոնյաներից գողացված եկեղեցիները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

«Այս քվեարկությունը կրոնական ազատությունների մեծ հաղթանակն է եւ մեկ քայլ առաջ ցեղասպանության միջոցով Թուրքիայի կողմից գողացված հազարավոր քրիստոնեական եկեղեցիների սրբավայրերի վերադարձման գործում»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը` ավելացնելով, որ թուրքական կառավարությունը 96 տարի առաջ ոչ միայն իրականացրել է ցեղասպանություն հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ, այլ նաեւ ոչնչացրել կամ բռնագրավել նրանց սրբավայրերի մեծամասնությունը: «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հզոր ուղերձ է հղում Թուրքիային առ այն, որ վերջինս պետք է հարգի իր երկրում բնակվող կրոնական փոքրամասնությունների ազատությունները եւ փոխհատուցի իր հանցավոր անցյալի համար»,- շեշտել է Ա.Համբարյանը:

Հանձնախմբից տեղեկացրին նաեւ, որ մինչ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումների սկսելը, հազարավոր ամերիկահայեր զանգահարել են Կոնգրեսում իրենց շրջանների ներկայացուցիչներին` կոչ անելով օժանդակել Բերման-Սիսոլինիի փոփոխություններին: Փոփոխություններին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ ԱՄՆ տարբեր հատվածների Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդները: Փոփոխությունների ընդունման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել նաեւ ԱՄՆ-ի հունական եւ ասորական համայնքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում