Փաստ մեկնաբանությամբ

Գ. Եգանյան. «Զանգվածային արտագաղթի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»

4 րոպեի ընթերցում

Գ. Եգանյան. «Զանգվածային արտագաղթի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակչության' երկրից արտագաղթելու մասին խոսակցությունները հասարակությանն այսօր ամենաշատ հուզող խնդիրներից են: Այդ նպատակով ՀՀ նախագահի մոտ այսօր խորհրդակցություն էր հրավիրվել, որի ընթացքում ներկայացվել են միգրացիոն ընթացիկ իրավիճակը, ոլորտի հիմնահարցերը եւ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Ինչպես խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, զանգվածային արտագաղթի մասին խոսակցությունները չեն համպատասխանում իրականությանը: Նրա խոսքով' եթե վերջին երկու տարիներին զանգվածային արտագաղթ լիներ, կնշանակեր' Հայաստանից ուղեւորների ելքը վերջին երկու տարիներին պետք է անհամեմատ աճած լիներ, եւ տարբերությունը նախորդ տարիների նկատմամբ մեծ լիներ: «Իսկ տարբերությունն ընդամենը 3-4 հազար է, եւ ցնցումային ոչինչ չի կատարվել»,- ասաց ծառայության պետը:

Գ. Եգանյանի տեղեկացմամբ' խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մեկնումների հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական է' պայմանավորված մասնավորապես աշխատատեղերի բացակայությամբ: «Բնականաբար, կառավարության բոլոր գործողությունները վերաբերում են այս խնդիրների լուծմանը եւ ոլորտի բարեփոխմանը: Մինչեւ 2001թ-ը արտագաղթողների թիվը մոտ 1 մլն էր, 2002-2007թ-ին այն դարձավ 150 հազար անձ: 2007թ-ից հետո հետազոտություն այս թվերի վերաբերյալ չի կատարվել»,- ասաց ծառայության պետը' հավելելով, որ խորհրդակցության ժամանակ կարեւորվել է նաեւ նման հետազոտության անցկացումը: Վերջինիս անհրաժեշտությունը, ըստ Գ. Եգանյանի, պայմանավորված է նրանով, որ երբեմն մամուլում հնչում են թվեր' 70-80 հազարի հասնող արտագաղթողների մասին: «Մենք չենք հասկանում' ինչով է պայմանավորված նման գնահատականը: Կամ մարդիկ, որոնք հրապարակում են այդ թվերը, չեն պատկերացնում ինչ աղբյուրներից պետք է նման թվեր վերցնել, կամ դա արվում է քաղաքական շահարկումների նպատակով»,- ասաց բանախոսը' հույս հայտնելով, որ այս տարի անցկացվող մարդահամարը կօգնի ինչ-որ չափով պատկերացում կազմել նաեւ այդ հարցի վերաբերյալ:

ՀՀ նախագահի կողմից հանձնարարվել է բնակչությանը մշտապես իրազեկել տիրող իրավիճակի մասին: Ըստ Գ. Եգանյանի' այս պարագայում հոգեբանական պահն էլ է շատ կարեւոր: «Մարդիկ պետք է իմանան իսկությունը, այլ ոչ թե բամբասանքների հետեւանքով դրսեւորեն իրենց միգրացիոն վարքագիծը»,- նշեց Միգրացիոն ծառայության պետը: Իսկ այն հարցին, արդյոք իր հարեւանների շրջանակում երկրից մշտական դուրս գնալու միտումներ նկատել է, թե' ոչ, Գ. Եգանյանը բացասական պատասխան տվեց: «Հարեւաններիցս ոչ մեկն էլ չի մեկնել արտերկիր' մշտական բնակություն հաստատելու նպատակով: Միայն մեկն է շենքից հեռացել. տեղափոխվել է այլ բնակարան»,- գոհունակությամբ նկատեց բանախոսը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը», որով սահմանված են 14 գերակա ուղղություններ: Այս տարվա սեպտեմբերին կառավարությանը կներկայացվի այդ հայեցակարգի իրականացումն ապահովող գործողությունների ծրագիր: Այդ ծրագիրն արդեն մշակված է եւ 100-ից ավելի կոնկրետ գործողություններ է սահմանում, որոնք վերաբերում են միգրացիոն ենթաոլորտի կարգավորմանն ու կառավարման համակարգի բարեփոխմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում