Փաստ մեկնաբանությամբ

Հղիության դեղորայքային ընդհատման հարցում ինքնագործունեությունը վտանգավոր է

2 րոպեի ընթերցում

Հղիության դեղորայքային ընդհատման հարցում ինքնագործունեությունը վտանգավոր է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում» թեմայի շուրջ այսօր հրավիրված քննարկմանը, որը կազմակերպել էր «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, մասնակցում էին երկրի տարբեր պոլիկլինիկաների եւ բուժկենտրոնների մասնագետներ: ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նշեց, որ հղիության դեղորայքային ընդհատումն առավել անվտանգ է կնոջ համար, քան գործիքային միջամտությունը, քանի որ անցանկալի հղիության դեպքում վիրաբուժական միջամտությանը փոխարինում է դեղորայքային մեթոդը:

«Երբ կինը կանգնած է խնդրի առջեւ' ընդհատել հղիությունը, ավելի լավ է դիմել դեղորայքային, քան վիրաբուժական մեթոդին, որն ավելի տրավմատիկ է եւ վտանգավոր»,- նշեց Ս. Վարդանյանը' հավելելով, որ «դեղորայքային աբորտ» իրականացնելու իրավունք ունեն կլինիկաների մանկաբարձ-գինեկոլոգները, ոչ թե կանանց կոնսուլտացիաների բժիշկները կամ այլ մասնագետներ: Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ Ռուզաննա Աբրահամյանը տեղեկացրեց, որ «դեղորայքային աբորտ» կարելի է կիրառել կանանց հղիության մինչեւ ինը շաբաթական ժամկետում:

Հանրապետության մի քանի բուժկենտրոններում, այդ թվում' Գյումրիում ու Վանաձորում, հետազոտություն են անցկացրել' դիտարկելու այդ դեղերի արդյունավետությունը: Գյումրու եւ Վանաձորի մասնագետները նկատեցին, որ իսկապես դեղորայքի արդյունավետությունը խիստ բարձր է: Քննարկման մասնակիցներից ոմանք կարծիք հայտնեցին, որ հղիության դեղորայքային ընդհատումը բացարձակ անվտանգ է, չբերության չի հանգեցնում եւ կարող է կիրառվել անգամ առաջին հղիության դեպքում: Այս տեսակետը, սակայն, միաձայն չընդունվեց բոլորի կողմից, ովքեր նկատեցին, որ ամեն դեպքում, դեղահաբերի ազատ վաճառքը ցանկալի չէ: Քննարկման մասնակիցներն ընդգծեցին, որ անթույլատրելի է համապատասխան դեղորայքի' առանց բժշկի ցուցման օգտագործումը, քանի որ սխալ կիրառումը հաճախ կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում