Փաստ մեկնաբանությամբ

Ռ. Սաֆրաստյան. «ԱՄՆ-ի հասարակությունը չի հերքում Ցեղասպանության փաստը»

2 րոպեի ընթերցում

Ռ. Սաֆրաստյան. «ԱՄՆ-ի հասարակությունը չի հերքում Ցեղասպանության փաստը»

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների հասարակությունն ընդունում է, որ 1915 թվականին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացվածը ցեղասպանություն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնի կողմից «ցեղասպանություն» բառը չարտասանելը ԱՄՆ-ի ներկայիս վարած քաղաքականության արդյունքն է:

«Ցավալի է, որ Ջ. Հեֆֆերնը «ցեղասպանություն» բառը չարտասանեց, սակայն դա իր մեղքը չէ: Բնական է, որ դեսպանը պետք է շարունակի ԱՄՆ-ի գիծը, որպեսզի չկորցնի իր պաշտոնը», -ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Թուրքագետը նկատեց, որ ԱՄՆ-ի հանրությունը չի հերքում Ցեղասպանության փաստը: Ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական շրջանակում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը:

«Ես եղել եմ ԱՄՆ-ում, շփվել եմ գիտական շրջանի բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Պարզից էլ պարզ է, որ նրանք ընդունում են Հայոց ցեղասպանությունը: Դրանից բացի, կոնգրեսում կան մեծ թվով կողմնակիցներ, ովքեր նույնպես ընդունում են: Պարզապես ԱՄՆ-ի վարչակազմը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, համառում է»,- նշեց Ռ. Սաֆրաստյանը: Նա համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում ԱՄՆ կհրաժարվի այդ սխալ քաղաքականությունից, որովհետեւ դա առաջի հերթին վնաս է բերում հենց իր հեղինակությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում