Փաստ մեկնաբանությամբ

Ռ. Սաֆրաստյան. «Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Թուրքիան շարունակում է համառել»

2 րոպեի ընթերցում

Ռ. Սաֆրաստյան. «Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Թուրքիան շարունակում է համառել»

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Թուրքիան շարունակում է համառել' փորձելով միակողմանի զիջումներ կորզել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, չնայած ճնշումներին' Թուրքիան շարունակում է Հայաստանի նկատմամբ ոչ կառուցողական քաղաքականություն վարել: Մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն կշարունակի խրախուսել հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացումը' Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ ԱՄՆ-ն միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության փոփոխմանը: «Միացյալ Նահանգները միշտ էլ հայտարարել է, որ Թուրքիան պետք է ձեռնարկի քայլեր, որոնք կնպաստեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Այնպես որ, այդ հայտարարությունները չեն նշանակում, որ ինչ-որ նոր երանգներ կան ԱՄՆ-ի քաղաքականության մեջ»,-ասաց Ռ. Սաֆրաստյանը: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնը' նշանակման դեպքում, կշարունակի ԱՄՆ-ի քաղաքականությունը' ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը:

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանում դեսպան նշանակվելու դեպքում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում արձանագրել շոշափելի արդյունքներ' հաշվի առնելով թեկնածուի այն հայտարարությունը, որ աշխատելու է նաեւ Անկարայում ԱՄՆ դեսպանատան հետ' կողմերի միջեւ վստահության կառուցման ուղղությամբ ոչ միայն երկրների ղեկավարների, այլեւ սովորական քաղաքացիների մակարդակով, Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ դա Թուրքիայից է կախված:

«Պետք է հաշվի առնել այն, որ Թուրքիան ինքն է Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը կառուցում: Չնայած ճնշումներին' ինքն է որոշում կայացնում, եւ դեռեւս շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը»,-ասաց Ռ. Սաֆրաստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում