Փաստ մեկնաբանությամբ

Դեռահասների վատ սովորությունները` հետագա հիվանդությունների առաջացման հիմնական պատճառ

3 րոպեի ընթերցում

Դեռահասների վատ սովորությունները` հետագա հիվանդությունների առաջացման հիմնական պատճառ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռահասները համարվում են հասարակության ամենաառողջ հատվածը, բայց նաեւ հենց այդ տարիքն է, որն ամենավտանգավորն է տարբեր վնասակար սովորությունների ձեռքբերման իմաստով: «Համաշխարհային առողջապահական կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծահասակների մահացության մեծ մասը կապված է դեռահասության շրջանում առաջ եկած վնասակար սովորությունների հետ, ինչպիսին են' ծխախոտը, ալկոհոլը, թմրամիջոցները, անկանոն սեռական կյանքը»,- այսօր կայացած քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ըստ նրա' դպրոցահասակների եւ դեռահասների առողջության խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ այսօրվա քննարկումն ուղղված է նրան, որ գործնական քայլեր մշակվեն' դեռահասներին առողջ ապրելակերպ քարոզելու համար:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւս չափազանց կարեւորեց լայնածավալ ռազմավարության մշակումն այս ուղղությամբ: «Ազգաբնակչության առողջությունը երկրի գերակա խնդիրն է, երեխաների ու դեռահասների առողջությունը' առավել եւս: Դա ոչ միայն Առոջապահության նախարարության, այլեւ կրթության, սպորտի, մշակույթի գերատեսչությունների ընդհանուր խնդիրն է»,- ասաց նախարարը: Նա նաեւ ընդգծեց դպրոցներում բժիշկներ ունենալու սովորությունը վերականգնելու անհրաժեշտությունը:

2010 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն աջակցել է դեռահասների ոլորտում 2 ուսումնասիրությունների իրականացմանը, որոնք բացահայտել են մի շարք խնդիրներ այս ոլորտում: «Դրանից հետեւություն արեցինք, որ մենք կարիք ունենք ավելի գործնական քայլերի»,- ասաց Առողջապահության նախարարը:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիի' դեռահասությունը հնարավորությունների շրջան է,սակայն նաեւ' ռիսկերի: «Այն տալիս է հնարավորություն ստեղծելու հիմք հետագայում առողջ ու արդյունավետ չափահասության համար, եւ նվազեցնում է գալիք տարիներին խնդիրների առաջացման հավանականությունը: Միեւնույն ժամանակ այս տարիքում սխալ ապրելակերպը կհանգեցնի հետագայում տարբեր հիվանդությունների առաջացման»,- ասաց նա' հավելելով, որ պետք է հաշվի առնել դեռահասների ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլեւ նրանց անձնական, սոցիալական, զգայական ու մտավոր զարգացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում