Փաստ մեկնաբանությամբ

Հուղարկավորության համար նախատեսված տարածքները տրվում են բացարձակապես անվճար

2 րոպեի ընթերցում

Հուղարկավորության համար նախատեսված տարածքները տրվում են բացարձակապես անվճար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուղարկավորության համար նախատեսված տարածքները տրվում են բացարձակապես անվճար: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարեց «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռազմիկ Հարությունյանը` հավելելով, որ տարածքների վաճառքն իրականացվում է անօրինական:

«Առանձին մարդիկ են դրանք իրականացնում:Պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ համատեղ ուժերով պայքարել նման անօրինականության դեմ: Միայնակ մի կառույցը չի կարող արդյունքի հասնել»,-ասաց Ռ. Հարությունյանը: Նա նշեց, որ բոլոր գերեզմանատների տնօրենները «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ից ստանում են աշխատավարձ եւ ենթարկվում են ՊՈԱԿ-ի տնօրենին: Երեւանում ընդհանուր առմամբ կա 20 գերեզմանատուն: Նշենք, որ 1997թվականին դրանք եղել են 8-ը: Ավանդական թաղման համար, ՀՀ կառավարության որոշման համաձայն, տրվում է մինչեւ 12 քմ տարածք:

Ռ. Հարությունյանը նշեց, որ տարածքի խնդիր կա եւ մի քանի տարի հետո այն առավել արդիական է լինելու: Նա առաջարկում է Հայաստանում կառուցել դիակիզարան:»Ես ինքս հավատացյալ եմ, սակայն դիակիզարանի կառուցումը դարձել է անհրաժեշտություն: Աշխարհի բազմաթիվ երկրներում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Չեխիայում, գործում են դիակիզարաններ»,-ասաց փոխտնօրենը:

Ասուլիսին ներկա Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում դիակիզությունը, որովհետեւ հավատամքի մեջ կա, որ նույն մարմնով Հիսուս Քրիստոսը համբարձվեց երկինք: «Ամեն մի քրիստոնյա նույն մարմնով պետք է հարություն առնի եւ ներկա գտնվի վերջին դատաստանին: Հետեւաբար, եթե այդպես է, ուրեմն մեր եկեղեցին կտրականապես մերժում է դիակիզությունը»,-ասաց Հ. Կոմիտաս վարդապետը:

Ռ. Հարությունյանը նշեց, որ էկոլոգիական տեսանկյունից դիակեզումն առավել նպատակահարմար է, իսկ հողատարածքները կտնտեսվեն 70-80 տոկոսով: «Այսօր Երեւանի նման փոքր քաղաքում 540 հա տարածքը գերեզմանոցներ են, սա խնդիր է, որը շատ է կարեւորվում»,-ասաց «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում