Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանում կհիմնվի բջջային հեռախոսների լաբորատորիա

3 րոպեի ընթերցում

Հայաստանում կհիմնվի բջջային հեռախոսների լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բջջային հեռախոսների բոլոր տեսակների ծրագրային լուծումների, նոր մտքերի մշակման ու ձեւավորման համաշխարհային լաբորատորիա-կենտրոններից մեկը նախատեսվում է հիմնել Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, բջջային հեռախոսների դերի առօրյա մեծացմամբ պայմանավորված' ֆինլանդական «Nokia» ընկերությունը Ֆինլանդիայի կառավարության հետ համատեղ նախաձեռնել է աշխարհում 5 լաբորատորիաների բացում, որոնցից 2-ը կլինեն Աֆրիկայում, մեկը' ԱՊՀ երկրների տարածքում (բացի Ռուսաստանից), 2-ը' Ասիայում:

««Nokia» ընկերությունը լաբորատորիաների ստեղծման համար Համաշխարհային բանկին էր տրամադրել ֆինանսական միջոցներ, ինչպես նաեւ անցկացրել համապատասխան տենդեր պետությունների միջեւ, որոնք կառաջարկեն 5 կենտրոնների բացման լավագույն նախագծերը: Արդյունքում' ԱՊՀ երկրներից հաղթեց Հայաստանը եւ իրավունք ձեռք բերեց տարածաշրջանային լաբորատորիա հիմնելու հենց Հայաստանում»,-ասաց Բ. Ենգիբարյանը: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի միջեւ ստորագրվեց համապատասխան պայմանագիր ֆինանսական միջոցների տրամադրման համար:

Անդրադառնալով լաբորատորիայի աշխատանքներին' Բ. Ենգիբարյանը նշեց, որ այդ կենտրոնում կհամատեղվեն բջջային ծառայությունների նոր լուծումներ առաջարկող եւ կյանքի կոչող մասնագետներ, որոնք հնարավորություն կունենան ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մշակել ներկայում շուկայում պահանջ ունեցող բոլոր տեսակի բջջային հեռախոսների համար նախատեսված ծրագրեր (applications):

«Այժմ ընթանում է այն թիմերի հավաքագրման գործընթացը, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու լաբորատորիայի աշխատանքներին, միաժամանակ նրանց համար անցկացվելու են դասընթացներ, որոնք կսկսվեն նախնական տվյալներով սեպտեմբեր ամսից»,-նշեց Բ. Ենգիբարյանը:

Նշենք, որ կենտրոնը բացվելու է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում: Մինչ բացումը, աշխատանքները կանցկացվեն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում