Փաստ մեկնաբանությամբ

Մինչեւ 2013-ի փետրվար 1300 երիտասարդ մասնագետներ կունենան բնակարան

3 րոպեի ընթերցում

Մինչեւ 2013-ի փետրվար 1300 երիտասարդ մասնագետներ կունենան բնակարան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2013 թ-ի փետրվարին կավարտվի երիտասարդ մասնագետների բնակարանաշինության ծրագիրը, որը 1300 թիրախային ընտանիքի մատչելի պայմաններով կապահովի բնակարանով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանարպետության սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը' հայտնելով, որ ընթացիկ տարվա ապրիլի տվյալներով' 315 թիրախային ընտանիք մայրաքաղաքում ձեռք է բերել բնակարան:

Թիրախային խմբերի միջեւ հայտարարված ծրագրի արդյունքներով' 74 դիմում է ստացվել լրագրողներից, 104' մանկավարժներից, 145' բժիշկ մասնագետներից, 9' մարզիկներից, Գիտությունների ազգային ակադեմիայի 37 գիտահետազոտական ինստիտուտներից դիմել են 242 երիտասարդ գիտնականներ: Ընդհանուր առմամբ, դիմումների ընդհանուր թիվն անցնում է 450-ը, որոնցից բավարարվելու են 300-ը: Կձեւավորվի 150-հոգանոց սպասողների ցուցակ, որոնք հաջորդ հնարավորության դեպքում կներգրավվեն ծրագրում: Իսկ հաջորդ հնարավորությունը կարող է ընձեռնվել ծրագրի չափորոշիչներին համապատասխանող, սակայն բանկի կողմից վարկունակ կամ վճարունակ չճանաչված մասնագետների' ծրագրից դուրսմղման դեպքում:

2008 թ-ի երկրորդ կիսամյակի դրությամբ' հանրապետության շուրջ 6 հազար ընտանիք կցանկանար ունենալ նոր բնակարան. սրանք ոչ միայն բնակարան չունեցողներն են, այլ նաեւ այն բարելավել ցանկացողները: «Կարծում եմ' այս թվի գոնե կեսն իրապես բնակարանի կարիք ունեցողներ են. նրանցից 1300-ին մենք ապահովություն կբերենք սոցիալական նշանակության խիստ թիրախավորված բնակարանաշինության այս ծրագրով»,-հայտնեց բանախոսը:

Բնակֆոնդն ամբողջովին վերանորոգված է, պիտանի միանգամից բնակություն հաստատելու համար, մեկ քառակուսի մետրն արժենալու է 185 հազար դրամ: «Այս գնառաջարկը միանգամայն ցածր է շուկայականից, մոտ ինքնարժեքին»,-ասաց նա' ավելացնելով, որ սրանից զատ առաջարկվում է նաեւ ֆինանսական գործիք: Կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպվել է մրցույթ, որի արդյունքում հաղթած բանկը կսպասարկի շահառուներին' տրամադրելով մատչելի հիփոթեքներ: Ծրագրի շահառու խմբին առաջարկվում է 9.5-10 տոկոս տարեկան տոկոսադրույք, 20 տարի առավելագույն մարման ժամկետ, 20 տոկոս կանխավճար: «Կլինեն մարդիկ, ովքեր առանց հիփոթեքի կփորձեն տնօրինել գույքը, ինչն օրինաչափ է»,-նկատեց Ա. Քարամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում