Փաստ մեկնաբանությամբ

Ա. Աշոտյան. «Կրթական բարեփոխումների շնորհիվ Հայաստանը ռեալ դարձավ Միացյալ Եվրոպայի մաս»

3 րոպեի ընթերցում

Ա. Աշոտյան. «Կրթական բարեփոխումների շնորհիվ Հայաստանը ռեալ դարձավ Միացյալ Եվրոպայի մաս»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոնիայի գործընթացին ներգրավվելը նպաստեց, որ Հայաստանի կրթական տարածքը ինտեգրվի եվրոպական բարձրագույն կրթական տարածք: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը' հավելելով, որ Հայաստանի մասնակցությունը եվրոպական կրթական տարածքի ձեւավորմանն ունի մի քանի ուղղություններ: «Իհարկե, չթաքցնենք, որ սա նաեւ քաղաքական ուղղություն է, ոոովհետեւ Բոլոնիայի գործընթացը եվրոպական ինտեգրման հարթակներից, ձեւերից, ուղղություններից մեկն է»,- ասաց Ա. Աշոտյանը' հավելելով, որ դա միասնական եվրոպական քաղաքակրթական տարածք, միասնական աշխատաշուկա, միասնական եվրոպական տնտեսություն ստեղծելու համար խիստ կարեւոր, անկյունաքարային քայլ է: «Ընդհանուր կրթական տարածքին միանալու շնորհիվ հայկական դիպլոմները ավելի լայն ճանաչում են ստանում եվրոպական երկրներում, իսկ հայկական կրթական վկայականները, 12 -ամյա կրթությանը անցնելու շնորհիվ, համադրելի են եվրոպական կրթական ստանդարտներին, եւ վերջիվերջո, այս բարեփոխումների շնորհիվ Հայաստանը ոչ թե խոսքերով, այլ ռեալ դարձավ Միացյալ Եվրոպայի մաս»,- նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարը:

Նրա խոսքով' իհարկե, դեռ Միացյալ Եվրոպայի մաս դարձել ենք կրթական հատվածում, բայց չպետք է մոռանալ, որ կրթությունը ոչ միայն այն տեղն է, որտեղ գիտելիք է փոխանցվում, այլեւ այն տեղը, որտեղ արժեք է ստեղծվում: «Հետեւաբար, երբ մենք խոսում ենք եվրոպական ինտեգրացիայի կարեւորության եւ գերակայության մասին, նշանակում է' պետք է փոխենք մեր մտածելակերպը: Իսկ մտածելակերպ ստեղծելու, փոխելու լավագույն գործիքը կրթությունն է, որտեղ հնարավոր է երիտասարդ տարիքից սերմանել համամարդկային արժեքներ, պահպանել ազգային արժեքները եւ դառնալ եվրոպական կրթական տարածքի լիիրավ անդամ' առանց ազգային ինքնությունը կորցնելու»,-շեշտեց ՀՀ ԿԳ նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաեւ ոլորտում առկա խնդիրներին, որոնցից առանձնացրեց ուսանողական ներգրավումը այդ գործընթացին: «Ուսանողները պետք է մեզ օգնեն, որպեսզի մենք էլ իրենց օգնենք»,- նշեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում