Փաստ մեկնաբանությամբ

Ռ. Մարտիրոսյան. «Տարածաշրջանում գիտության զարգացման ցուցանիշներով առաջին տեղում ենք»

2 րոպեի ընթերցում

Ռ. Մարտիրոսյան. «Տարածաշրջանում գիտության զարգացման ցուցանիշներով առաջին տեղում ենք»

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թեեւ շատերը պնդում են, թե մեր գիտությունը զարգացում չի ապրում, բայց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետազոտության արդյունքները փաստում են, որ տարածաշրջանում գիտության զարգացման ցուցանիշներով մենք առաջին տեղում ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը լավատեսություն հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր, բայց արդեն երկարամյա նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Ըստ նրա' իրենք աշխատում են երեք ուղղություններով' գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացում, երիտասարդ որակյալ կադրեր, միջազգային համագործակցություն:Ակադեմիայի նախագահի խոսքով' գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել գիտության գերակա ճյուղերի վրա, իսկ երիտասարդ կադրերի ներգրավվածության ուղղությամբ ընտրություններից հետո քայլեր արվել են, մասնավորապես' կառավարման մարմնում ընդգրկվել են ակադեմիայի երիտասարդ անդամներ:

«Ինչո՞ւ երիտասարդներին չի գրավում գիտաշխատող լինելը: Որովհետեւ գիտաշխատողի վարկը մեր հասարակությունում ընկած է, եւ ամենակարեւոր խնդիրը սոցիալական գործոնն է: Մեր գիտաշխատողները պետական բյուջեից ստանում են 60 հազար դրամ աշխատավարձ, իսկ դա, իհարկե, բավական չէ նորմալ ապրելու համար»,- մտահոգություն հայտնեց ԳԱԱ նախագահը:

Միջազգային համագործակցության տեսանկյունից, ըստ նրա, գործերն ավելի հաջող են: «Բազմաթիվ երկրների հետ ենք համագործակցում: Դա նաեւ ֆինանսավորման աղբյուր է: Ակադեմիայի գրեթե բոլոր ինստիտուտները ներկայում դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում: Պարզ է, որ այդ դրամաշնորհների մեծ մասն աշխատավարձերի վրա է ծախսվում, բայց քանի որ ինստիտուտների բոլոր աշխատակիցները միաժամանակ չեն կարող այդ ծրագրերում ներգրավված լինեն, բոլորի աշխատավարձերը չէ, որ դրանից շահում է»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: Գիտական սարքավորումներն, ըստ նրա, եւս թարմացման կարիք ունեն, բայց դրանք բավական թանկ արժեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում