Փաստ մեկնաբանությամբ

Մ. Բաբայան. «Մթերքը սառնարանային պայմաններում չպահելը թունավորման պատճառ է դառնում»

2 րոպեի ընթերցում

Մ. Բաբայան. «Մթերքը սառնարանային պայմաններում չպահելը թունավորման պատճառ է դառնում»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 29-ին Գորիսում գրանցված թունավորման դեպքը եղել է տնային պայմաններում պատրաստված սննդի օգտագործումից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական եւ հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, թունավորման պատճառ է դառնում նաեւ մթերքը սառնարանային պայմաններում չպահելը:

Հունիսի 29-ին, ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, սննդային թունավորման ախտանշաններով Գորիսի Յոլյանի անվան հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք էին տեղափոխվել 17 հիվանդներ. նրանցից 2-ը երեխաներ են, 15-ը չափահասներ: Հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց առողջական վիճակը բավարար է:

Մ. Բաբայանը խորհուրդ է տալիս օգտագործվելիք մթերքը լավ լվանալ հոսող ջրով: Պատրաստի ճաշը ոչ սառնարանային պայմաններում 2 ժամից ավելի չպահել, պատրաստել հիգիենիկ պայմաններում, ապուրները ուտելուց առաջ եռացնել, նոր ուտել: ԱՆ ներկայացուցչի խոսքով' գերադասելի է օգտագործել կանաչ պղպեղ, որը վիտամիններով հարուստ է, ջուր պարունակող ցանկացած միրգ եւ բանջարեղեն, օգտագործել բնական հյութեր եւ ոչ գազավորված ըմպելիքներ. այս ամենը հարկավոր է օրգանիզմում ջրափոխանակությունը կարգավորելու համար:

Մ. Բաբայանը նշեց, որ ցանկալի չէ շոգ պայմաններում աղի եւ սուր համեմունքների մեծ չափաբաժինների օգտագործումը: Նա նաեւ ցանկալի չհամարեց յուղոտ սնունդի չարաշահումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում